Աստղեր

Իլյա Ավերբուխը Ռուսաստանի և ԽՍՀՄ ականավոր մարզիկ է, Գեղասահքի սպորտի վաստակավոր վարպետ, գեղասահքի սպորտային պարերի բազմակի չեմպիոն։ Ռուսաստանի 1997, 2000-2002 թվականների չեմպիոն, Սոլթ Լեյք Սիթիի 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի պարային զույգերի արծաթե մեդալակիր։ Մասնակցել է խոշորագույն առաջնությունների, ինչպես` Ռուսաստանի առաջնությունը, Եվրոպայի, Աշխարհի առաջնությունները, Բարի կամքի խաղերը,  Skate Amerika, Skate Canada և մի շարք այլ մրցություններ։ Նա հիմնադրել է «Իլյա Ավերբուխ» պրոդյուսերական ընկերությունը, սեփական սառցե շոուների պրոդյուսերը և բեմադրող ռեժիսորն է։ Մայիսի 24-ին Ավերբուխը Երևան կբերի իր  «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոուն։ Այդ կապակցությամբ նա համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի հարցերին։ 

— Ինչպե՞ս ծնվեց «Օդնոկլասնիկի» շոուն Երևան բերելու գաղափարը։

Ավերբուխ — Մենք մեծ հաճույքով ընդունեցինք Երևանում ելույթ ունենալու հրավերը։ Մի քանի տարի առաջ մենք եկել էինք ձեր հյուրընկալ քաղաքը։ Մենք մինչ օրս հիշում ենք ձեր ծափահարություններն ու այն սերը, որն այն ժամանակ դուք նվիրեցիք մեզ։ Մենք ձեզ շատ ենք կարոտել։ Եվ այդ պատճառով մեծ անհամբերությամբ ենք սպասում ձեզ հետ հանդիպմանը մայիսի 24-ին։

— Պատմեք շոուի մասին, դրա աստղային կազմի մասին արդեն հայտնի է։ Իսկ շոուն ինչի՞ մասին է։ 

Ավերբուխ — Մեր նոր շոուն կոչվում է «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան»։ «Օդնոկլասնիկի»  շոուում ներկայացված է մարդկանց պատմությունը, որոնք սովորել են նույն դասարանում և հանդիպել են շատ տարիներ անց։ Խորեոգրաֆիայի օգնությամբ նրանք պատմում են այն մասին, թե ինչ է իրենց հետ կատարվել այդ ընթացքում` ով են դարձել, ինչի են հասել կյանքում, իրենց սիրային պատմությունների մասին… Մենք բոլորս մեծանում ենք, հասունանում, հետ ենք նայում, հիշում, տխրում, ուրախանում։ Մեր ընկերության գոյության 11 տարվա ընթացքում մենք, սառցե շոուի մեր գործընկերների հետ միասին, նույնպես անցել ենք, կարելի է ասել, մեր դպրոցական շրջանը։ Եվ ցանկացանք հենց այսպես բեմադրել մեր պատմությունը, որտեղ մեր հանդիսատեսները, որոնք նույնպես մեր հասակակիցներն են, մեզ հյուր են գալիս և մեզ հետ միասին «նոստալգիա» են ապրում։ 

Շոուին մասնակցում են համաշխարհային գեղասահքի աստղեր` Ալեքսեյ Յագուդինը, Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը, Օքսանա Դոմնինան, Մաքսիմ Շաբալինը, Մարիա Պետրովան, Ալեքսեյ Տիխոնովը, Մարգարիտա Դրոբյազկոն, Պովիլաս Վանագասը, Ալբենա Դենկովան, Մաքսիմ Ստավինսկին, Ելենա Լեոնովան, Անդրեյ Խվալկոն, ինչպես նաև կլինեն հատուկ հյուրեր, որոնց մասին կիմանաք, երբ գաք ներկայացմանը։

— Դուք սպորտային կարիերան բավականին վաղ տարիքում եք ավարտել, դժվա՞ր էր հարմարվել մեծ սպորտից հեռանալուց հետո։ Ի՞նչ հնարավորություններ ունի գեղասահորդը սպորտային կարիերան ավարտելուց հետո։ Ինչպե՞ս է դասավորվում մարզիկի հետագա ճակատագիրը։  

Ավերբուխ — Մեծ սպորտից հեռանալուց հետո հարմարվելը հեշտ չէ։ Որովհետև մինչ այդ մարզիկի կյանքն ամբողջովին նվիրված է սպորտին և բաղկացած է մարզումներից, մարզումներից ու նորից մարզումներից։ Իսկ երբ այդ ամենը հանկարծ ավարտվում է, մարդը հայտնվում է միանգամայն այլ տարածաչափության մեջ, որին նա ոչ միշտ է պատրաստ համակերպվել։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մարդ չկորցնի իրեն, որոշի իր զարգացման և ուղղության նոր ուղին։

Այդ առումով իմ բախտը կյանքում բերել է։ Ես հանդիպեցի մարդկանց, որոնց հետ ճակատագիրը կապեց ինձ ու իմ բիզնեսը, և արդեն տասնմեկ տարի մենք միասին ենք աշխատում։ Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիադայից անմիջապես հետո ես ավարտեցի մարզական կարիերան և գեղասահորդներին` իմ գործընկերներին, առաջարկեցի հյուրախաղերի մեկնել Ռուսաստանի քաղաքներում։ Այդ ժամանակ երկրում հետաքրքրություն գեղասահքի նկատմամբ գրեթե չկար, նման ցուցադրական ելույթների ավանդույթը մոռացվել էր, և այդ պատճառով բոլորն այդ առաջարկին շատ թերահավատորեն վերաբերվեցին։ Բայց հավատացին ու համաձայնեցին։ Եվ հենց այդ «հավատացին»-ը, թերևս, որոշիչ ելակետ դարձավ ու նաև դարձավ Ռուսաստանում գեղասահքի ժողովրդականության նոր սկիզբ։  

— Ի՞նչ նախագծերի ուղղությամբ եք աշխատում այժմ։  

Ավերբուխ — Ներկա պահին միանգամայն նոր նախագիծ ենք ստեղծում, որը կոչվում է «Կարմեն»։ Պրեմիերան տեղի կունենա Սոչիում հունիսի 12-ին։  

— Ավելի մանրամասն պատմեք «Կարմեն» նախագծի մասին, ո՞րն է դրա առանձնահատկությունը։ Ի՞նչ պատմություն եք ցանկանում պատմել մարդկանց։  

Ավերբուխ — «Կարմենը» դրամատիկական սառցե երաժշտական ներկայացում է, որտեղ կա ամեն ինչ` կենդանի երաժշտություն, օդային ակրոբատներ, ֆանտաստիկ դեկորացիաներ, հրատեխնիկայի աներևակայելի էֆեկտներ և, իհարկե, տաղանդավոր մարզիկներ, որոնք նաև իսկական արտիստ են դարձել սառցե բեմի վրա։ 

Բեմադրությունը հիմնված է Պրոսպեր Մերիմեի ստեղծագործության և Ժորժ Բիզեի երաժշտության վրա, սակայն դա միանգամայն յուրօրինակ սցենար կլինի։ Մեր Կարմենը խորհրդանիշ է, կանացի հավաքական կերպար, այն նույն Կարմենը, որն ապրում է յուրաքանչյուր կնոջ մեջ և յուրաքանչյուր տղամարդու երազներում։ Ընդ որում, յուրաքանչյուրի համար նա իրենն է` ինչպես երազանք, ինչպես կերպար, ինչպես երևակայություն։ Բացի այդ, մենք ավելի մեծ տեսադաշտ ենք ընդգրկել. մեր ներկայացումը սոսկ սիրային եռանկյունու մասին չէ։ Դա պատմություն է մարդկային հոգու բնածին բացառիկության մասին` իր բոլոր արժանիքներով և թերություններով հանդերձ։ Միայն մարդն է ունակ անկեղծ տառապանքների կամ հիացմունքի, որոնք արդյունք են սիրո, միայն մարդը կարող է զգալ կիրք ու ատելություն, խենթություններ անել հանուն սիրո։ Եվ այս ներկայացման մեջ մենք նորից կխոսենք այդ հավերժ թեմաների մասին` հանդիսատեսին ընկղմելով կրքոտ, իսկական, վառ զգացմունքների և հույզերի մեջ։ -0-