Աստղեր

Հայտնի հայ ճարտարապետ Արտո Չաքմաքչյանն այժմ ապրում է Կանադայում, սակայն, իր իսկ խոստովանությամբ, իր ողջ ստեղծագործության արմատները հայրենիքում են: Չաքմաքչյանը ծնվել է 1933 թվականին Եգիպտոսում, իսկ 1948 թվականին ընտանիքով տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, որտեղ 1953 թվականին ավարտել է Պ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնասրանի ճարտարապետության և գեղանկարչության բաժինը, իսկ 1959 թվականին` Գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1961 թվականից զբաղվել է հետազոտություններով և ճամփորդել Հայաստանով` ուսումնասիրելով հայկական եկեղեցիների միջնադարյան քանդակները, ինչը հետագայում հիմք է ծառայել նրա «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» աշխատանքի համար: 

1975 թվականին Չաքմաքչյանն արտագաղթել է Կանադա: 1991 թվականին ընտրվել է Կանադայի գեղեցիկ արվեստների Թագավորական ակադեմիայի անդամ:

Արտո Չաքմաքչյանը արվեստի և գիտության մեծ թվով գործիչների դիմանկարների, կիսանդրիների և քանդակների հեղինակ է, և դրանցից շատերը զարդարում են Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքների հրապարակները, թանգարաններն ու համալսարանները:

Նա մասնակցել է անհատական և խմբակային ցուցահանդեսների Սոֆիայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Օքսֆորդում, Մոնռեալում, Սան-Ֆրանցիսկոյում, Փարիզում և այլ երկրներում:

Սակայն վարպետը չի կորցրել կապը հայրենիքի հետ և հաճախ է գալիս Հայաստան: Երևան կատարած վերջին այցի ընթացքում Չաքմաքչյանը համաձայնեց կիսել «ԱՌԿԱ Style»-ի հետ իր հուշերը, հայրենիքի և արվեստի մասին մտքերը:

Հայրենադարձության մասին

Այն ժամանակ Եգիպտոսում շատ հայեր կային, ես երջանիկ մանկություն եմ ունեցել: Բայց հայրս շուտ հեռացավ կյանքից: Մի օր մայրս իմացավ, որ «Հաղթանակ» խորհրդային նավով հայ հայրենադարձները Բեյրութից կարող են մեկնել Երևան: Նավը պետք է կանգներ Կահիրեում: Որոշումն ընդունվեց միանգամից: Ես ընդամենը 15 տարեկան էի: Շատ բան արդեն մոռացել էի, բայց երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք նավով սրընթաց գնում դեպի նոր կյանք, նոր հույս:

Ես նստած էի «Հաղթանակի» թախտակամածին և պլաստիլինից տարբեր ֆիգուրներ էի ծեփում: Ինձ մի մարդ մոտեցավ, ով, ինչպես ավելի ուշ պարզվեց, բարձրաստիճան պաշտոնյա էր Երևանում: Նա ինձ ասաց. «Եթե կարողանաս պլաստիլինից Ստալինին ծեփել, ես քեզ կտեղավորեմ գեղարվեստի դպրոց հենց որ Երևանում հայտնվենք»: Ես, իհարկե, չգիտեի, թե ինչ տեսք ունի Ստալինը, աղոտ հիշում էի, որ մեծ բեղեր ունի: Այդպես էլ ծեփեցի` մեծ բեղերով մի մարդու: Շատ նման ստացվեց: Երևան գալուն պես այդ մարդը պահեց իր խոստումը:

Դպրոցի մասին

Անկեղծ ասաց` ես գեղարվեստի դպրոցի լավագույն աշակերտը չէի: Ինձ հետ սովորում էին դպրոցականներ Լենինականից (այժմ` Գյումրի), ովքեր շատ լավ էին նկարում: Ես օր ու գիշեր աշխատում էի, որ հասնեմ նրանց: Առհասարակ, լենինականցիները շատ տաղանդավոր ժողովուրդ են: Հայաստանում հինգից յուրաքանչյուր երրորդը տաղանդավոր է, և դրանցից յուրաքանչյուր երկրորդը գյումրեցի է:

Սիրո մասին

Դա իմ առաջին ցուցահանդեսից հետո էր: Ես Աբովյան փողոցի գրախանութում էի, և հանկարծ ներս մտավ նա: Նա խոսում էր իմ ցուցահանդեսի, այն մասին, թե որքան են իրեն դուր եկել իմ աշխատանքները: Իսկ ինձ նա էր դուր եկել: Ես նրան հրավիրեցի ընկերոջս` հայտնի նկարիչ Հարություն Կալենցի արվեստանոց, և մտածեցի` եթե համաձայնի, ուրեմն ես էլ եմ նրան դուր եկել: Նա համաձայնեց, և այն ժամանակվանից մենք միասին ենք:

Հայրենիքի մասին

Թեև ապրում եմ Կանադայում, ուժերս վերցնում եմ Հայաստանից: Ես հայ քանդակագործ եմ, ոչ թե կանադացի: Ինչպես մարդիկ, երկրներն էլ ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ինձ Հայաստանի թերությունները չեն հիասթափեցնում, քանի որ սիրում եմ իմ երկիրն իր առավելություններով: Իսկ ինչ վերաբերում է թերություններին… երևի Հայաստանի ամենամեծ թերությունը սիրո, վարակիչ սիրո պակասն է:

Ապրելու արվեստի մասին

Մեկ անգամ արդեն ասել եմ, այժմ կրկնեմ` պետք է ապրել բնության, այլ ոչ թե քաղաքակրթության կանոններով:

Ստեղծագործության մասին

Ստեղծագործությունը շարունակություն է, մշտական վերադարձ է: Եվ ես մշտապես վերադառնում եմ, վերադառնում եմ հայկական արվեստի ակունքներին: Իմ ստեղծագործությունն անցյալի հուշարձանների շարունակությունն է: -0-