Աստղեր

Նախօրեին Երևանում հաջողությամբ անցել է Արամ MP3 –ի համերգը, որի ժամանակ հայտնի երգիչը կատարել է ոչ միայն It’s a men’ world և Sunny երգերը, այլ նաև այս տարվա հիթ You’re not alone–ը, որով նա «Եվրատեսիլ-2014»–ում զբաղեցրեց չորրորդ տեղը, ինչպես նաև ճանաչված «Երևան» երգը և շատ այլ երգեր։

Կիթառ և սինթեզատոր նվագող երաժիշտներին զուգահեռ Արամ MP3–ին նվագակցում էր թառահար, ինչպես նաև Արամի գործընկեր, հաղորդավար և շոումեն Գարիկ Պապոյանը։ Համերգի ընթացքում նաև խաղարկվել է մրցանակ, որը հանձնվել  է սիրո լավագույն խոստովանություն արած սիրահար զույգին։

Չնայած համերգից հետո հոգնածությանը` Արամ MP3–ը չհրաժարվեց պատասխանել «ԱՌԿԱ Style»–ի մի քանի հարցերին։
 
– Այսօրվա համերգը նոյեմբերի Ձեր ելույթների շարքում երկրորդն է։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ ավելի շատ առիթներ ունեք հանդիպելու հանդիսատեսին։ 

Արամ MP3 – Նախորդ և նախանցյալ տարի իմ համերգներն անցնում էին ամիսը մեկ անգամ։ Այս անգամ երկարատև ընդմիջումից հետո կարոտել էինք միմյանց։ Այդ պատճառով երբ նոյեմբերի 13–ին որոշվեց անցկացնել առաջին համերգը, տոմսերն այնքան արագ վաճառվեցին, որ հասկացանք և երկրորդ, և երրորդ համերգների անհրաժեշտությունը։

– Ե՞րբ եք ծրագրում երրորդ համերգը։ 

Արամ MP3 – Նոյեմբերի 27–ին, քանի որ ոչ մեծ ընդմիջում է պետք ձայնը վերականգնելու համար։ Մեկը մյուսի հետևից երկու համերգների ընթացքում լարել եմ ձայնս։

– Դուք հիմնականում անգլերեն եք երգում։ Ձեզ դու՞ր է գալիս երգել անգլերեն լեզվով, թե՞ հայերեն երգացանկ չունեք։

Արամ MP3 – Ինձ մոտ ավելի լավ են ստացվում այն ոճի երգերը, որոնք կատարում եմ անգլերեն։ Հայերենով քիչ են այդ ոճի երգերը։ Մասնավորապես, հայերեն կատարում եմ «Երևան» երգը, որը մոտ է իմ մեղեդայնությանը, ինձ հեշտ է այն կատարել։ Ճիշտ է, մենք մի փոքր այն փոխել ենք, քանի որ չէի կարողանա կատարել դրա օրիգինալ տարբերակը։ Իսկ առհասարակ սիրում եմ երգել անգլերեն։ 

– Ո՞ր սկզբունքով եք ընտրում Ձեր երգերը։

Արամ MP3 – Բացի այն, որ երգերը պետք լավը և որակյալ լինեն, դրանք նաև պետք է հայտնի լինեն ունկնդրին։ Հիմնականում բոլոր երգերը հայտնի են և սիրված։ Ինձ համար շատ կարևոր է, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն իմ համերգներին որակյալ երաժշտություն լսեն։

– Ձեր երգացանկում կա նաև հնդկերեն երգ։ Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս և ինչու՞ եք այն ընտրել։

Արամ MP3 – Անկեղծ ասած` այն կատարվում է սիթառով։ Բայց Հայաստանում չկան այդ գործիքին տիրապետող երաժիշտներ։ Երգը նախապատրաստելուց առաջ թառով ինձ նվագակցող երաժիշտն ասաց, որ կարող է սիթառի պարտիան փոխարինել թառով։ Հասկացանք, որ այդ ստեղծագործությունում այդ գործիքներն այնքան էլ չեն տարբերվում միմյանցից և որոշեցինք օգտագործել թառը։ -0-

Համերգի լուսանկարները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ