Աստղեր

Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» նախագծի կիսաեզրափակչի մասնակից, ռուս երաժիշտ, «Therr Maitz» ինդի–խմբի հիմնադիր և մենակատար Անտոն Բելյաևը ռուսական շոու–բիզնեսի աշխարհում առանձնանում է ոչ միայն երաժշտական հնարավորությունների շնորհիվ, այլ նաև գործընկերների և երկրպագուների հետ շփվելու իր պատրաստակամությամբ, ինչպես նաև հետաքրքիր կենսագրությամբ։ 

Մագադանում մեծացած տղան վաղ մանկությունից առանձնանում էր երաժշտականությամբ, երբ որպես թմբուկ օգտագործում էր խոհանոցային պարագաները։ Արդեն հինգ տարեկանում նա ընդունվել է երաժշտական դպրոց։ Քանի որ հարվածային գործիքների վրա հնարավոր էր նվագել սովորել միայն 9 տարեկանից, նա սկսեց դաշնամուր նվագել։ Անտոնը մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթներին, զբաղեցրել է մրցանակային տեղեր և ստացել մրցանակներ։ Բազմաթիվ չարիքներից հենց երաժշտությունն է փրկել «մագադանցի խուլիգանին», ինչպես նրան անվանում է մամուլը։ 

Մայիսի 10–ին Անտոն Բելյաևը «Therr Maitz» խմբի հետ  ելույթ ունեցավ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մայիսի 11–ին համերգ ունեցավ Երևանի ակումբներից մեկում։ Համերգից հետո, որը նախատեսվածից ավելի երկար տևեց, քանի որ հանդիսատեսը չէր ցանկանում, որ արտիստը հեռանա բեմից, Բելյաևը համաձայնվեց պատասխանել «ԱՌԿԱ Style»–ի մի քանի հարցերի։ 

– Դուք աշխատում եք տարբեր երաժշտական ժանրերում (տրիփ–հոփ, acid jazz, breakbeat, house, disco, funk, pop)։ Ինչո՞վ է բացատրվում նման լայն ընտրությունն ու ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ։

Բելյաև – Դժվար է ասել։ Ես սիրում եմ երաժշտությունը, ինձ դուր է գալիս չձանձրանալ բեմի վրա։ Այդ պատճառով մենք համերգների ժամանակ կատարում ենք բավականին տարբեր երգեր։ 

– 2006–2010 թթ.–ին Դուք աշխատել եք որպես երաժշտական պրոդյուսեր Թամարա Գվարցիտելիի, Իգոր Գրիգորևի, Մաքսիմ Պոկրովսկու, Պոլինա Գագարինայի, Յոլկայի հետ։ Ինչու՞ այդ ընթացքում չէիք զբաղվում համերգային գործունեությամբ։

Բելյաև – Ինձ այդքան էլ դուր չի գալիս ռուսական փոփ–երաժշտությունը։ Պարզապես աշխատանք էր հարկավոր, պետք էր գումար վաստակել։ Այնուամենայնիվ, դա ինձ համար մեծ փորձ դարձավ, և ես դա սև հետք չեմ համարում իմ կենսագրության մեջ։ Ես բարելավել եմ հմտություններս։ 

– Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ Դուք հետագայում վերադարձաք կատարողական գործունեության։ 

Բելյաև – Ապրեցի Մոսկվայում, գումար վաստակեցի։ Եվ քանի որ միշտ ծրագրում էի զբաղվել երաժշտությամբ, ապա օգտվեցի ստեղծված հնարավորությունից։ 

– Դուք «Therr Maitz» խմբի հիմնադիրն ենք։ Ձեզ համար «Therr Maitz»–ը…

Բելյաև – … առաջին հերթին իմ ընկերներն են և իսկական երաժիշտներ, որոնց հետ ինձ հեշտ է։ 

– Ձեր լսարանի մեծ մասը մինչև հիմա Ձեզ համարում է «Գոլոս» շոուի կիսաեզրափակչի մասնակից։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ շոուն։

Բելյաև – Դա կանցնի։ Չնայած «Գոլոսը» լուրջ շոու է, լուրջ ցատկ մեզ համար։ Մենք գործարկեցինք մեր նախագծերը շոուից երկու տարի առաջ, թափ էինք հավաքում։ Հասկանալի դարձավ, որ դա մեզ համար բավարար չէ։  Մեր «էգոն» ավելին էր ուզում, այդ պատճառով հաջողությամբ օգտվեցինք Առաջին ալիքի ռեսուրսից։ 

– Դուք փորձեցիք ձեզ իլյուզիոնիստի դերում ՍՏՍ հեռուստաալիքով հեռարձակվող «Պատրանքների կայսրություն.Սաֆրոնով եղբայրներ» շոուի շրջանակում։ Համաձայնվեք, որ անգամ Ձեր բուռն կարիերայում դա անսպասելի շրջադարձ էր։ Ինչո՞վ է Ձեզ գրավել այդ նախագիծն ու մասնակցությունն այնտեղ։ 

Բելյաև – Հեռուստատեսության գործոնն է։ Ես չէի նախատեսում հանդես գալ որպես իլյուզիոնիստ, սակայն երբ դառնում ես մեդիա–դեմք, ապա հաճախ  ոչ հոգեհարազատ զբաղմունքների առաջարկներ ես ստանում։ Թվում էր, որ դա զվարճալի կլինի։

– Ձեր երևանյան համերգները…

Բելյաև –….հիանալի էր, ինձ դուր եկավ։ Շնորհակալություն:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-