Աստղեր

Հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը, որը կանցկացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում: Երաժիշտը Երևան է ժամանել համերգից մի քանի օր առաջ և համաձայնել է բացառիկ հարցազրույց տալ «ԱՌԿԱ Style» գործակալությանը: Անշուշտ, նախևառաջ, անդրադարձ եղավ առաջիկա համերգին:

— Պարոն Լյուբիմով, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր համերգային ծրագիրը:

Լյուբիմով — Ծրագիրը մասամբ դասական կլինի, մասամբ էլ կներկայացնի 20-րդ դարի երաժշտությունը: Համերգի առաջին մասում նվագելու եմ Մոցարտի և Շուբերտի ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասում կհնչեն Կոմիտասի մշակմամբ յոթ ժողովրդական երգեր և Դեբյուսիի վեց նախերգանքները:

— Արդյոք Կոմիտասի ստեղծագործությունների ընտրությունը կապված է կոմպոզիտորի` այս տարի նշվող 145-ամյա հոբելյանով:

Լյուբիմով — Վերջերս ես նվագել եմ Կոմիտասի ստեղծագործությունները Մոսկվայում և մտածեցի, որ տեղական ունկնդրին հաճելի կլինի, եթե ես կատարեմ նրա երաժշտությունը: Կոմիտասը մի քանի դաշնամուրային պիեսներ և երգերի մշակումներ ունի, և ես ընտրել եմ փոքրիկ գեղեցիկ շարք:

Հաճա՞խ եք անդրադառնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին:

Լյուբիմով — Հայկական երաժշտություն այնքան էլ հաճախ չեմ նվագում: Կատարել եմ առանձին պիեսներ, բայց 60-70-ական թվականներին ես սկսեցի նվագել այն ժամանակ դեռ երիտասարդ Տիգրան Մանսուրյանի գործերից: Առաջին անգամ ես նրա երաժշտությունը կատարել եմ Մոսկվայում, այնուհետև սկսեցի հյուրախաղերի մեկնել, այդ թվում` Հայաստան: Խոստովանում եմ, որ չեմ նվագել Արամ Խաչատրյանի և շատ հայտնի կոմպոզիտորների երաժշտությունը: Ինձ ավելի հետաքրքրում էր այն ժամանակի Ավանգարդը, այսինքն` քիչ հայտնի կոմպոզիտորների երաժշտությունը: Իհարկե, այսօր Տիգրան Մանսուրյանը շատ ճանաչված կինոկոմպոզիտոր է, նա լուրջ երաժշտության հեղինակ է, շատ եմ սիրում նրա բոլոր ստեղծագործությունները: Վերջերս կատարել եմ Մանսուրյանի ստեղծագործությունները Մոսկվայում` նրա 75-ամյակի առիթով:

— Առաջին անգամ չէ, որ Դուք մեր երկրում եք: Ինչո՞վ է այն ձեզ գրավում:

Լյուբիմով —  Ես հաճախ եմ եղել Հայաստանում, հատկապես խորհրդային տարիներին: Ինձ միշտ դուր է եկել գալ այստեղ և հիմա էլ դուր է գալիս: Բայց, ցավոք, տեսնում եմ, որ Հայաստանից հեռանում է այն մշակութային միջավայրը, որը շատ հագեցած էր 70-80-ականներին: Նույնիսկ այն փառատոնը, որն անցկացնում են իմ ընկերները, մեծ արտիստների մասնակցությամբ փառատոն է, այնուամենայնիվ, այն չի լցնում այն ներքին մթնոլորտը, որը պետք է լինի մայրաքաղաքային մշակույթում: Դա քննադատություն չէ, այլ ափսոսանք, որ շատերը հեռանում են, և հիմնականում, Հայաստանում կատարվում են 20-րդ դարի մոռացության տրված դասականները և արևմտյան երաժշտություն: Իմ կարծիքով, նախկինում դրա նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ էր:

— Իսկ ինչի՞ հետ է դա կապված, գուցե ժամանակակից միտումնե՞րը:

Լյուբիմով —  Հակառակը, համաշխարհային միտումն ընդլայնում է հորիզոնները: Կարող է` Հայաստանը, դառնալով անկախ պետություն, մշակութային առումով ավելի մեկուսացված է դարձել, հեռացել է այն գործընթացներից, որոնք մի ժամանակ լցրել են Խորհրդային Միությունը: Հիշում եմ, որ խորհրդային տարիներին ավելի մեծ ռեզոնանս կար, քան հիմա: Այն դեպքում, երբ Եվրոպայում այսօր ամեն ինչ բաց է, երաժշտական փոխանակում է կատարվում, Հայաստանն ավելի մեկուսացված է: Վախենում եմ, որ դա հանգեցնի լճացման:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչն է ինձ ամենից շատ դուր գալիս Հայաստանում, ապա դա անկախությունն է, մարդկանց բաց ու հյուրընկալ էությունը: Բազմաթիվ հայ ընկերներ ունեմ և, լինելով այստեղ, միաժամանակ և երիտասարդության, և հնության զգացողություն եմ ունենում: Ու հնագույնի և ժամանակակիցի այդ միավորումը շատ քիչ ժողովուրդների է բնորոշ: Այսօր բազմաթիվ ժողովուրդներ ապրում են միայն առաջընթացի զգացումով` մոռանալով սեփական անցյալը:

— Դուք բազմիցս ելույթ եք ունեցել հայկական բեմում, ի՞նչ կարծիք ունեք հայ լսարանի վերաբերյալ:

Լյուբիմով —  Ես երբեք չեմ քննադատում ունկնդրին, նույնիսկ երբ նրանք քիչ են դահլիճում: Կարծում եմ, որ հարցը տրամադրվածությունն է: Պատահում է, որ լսարանը հարմար չէ, բայց այդ ժամանակ կատարողը պետք ավելի տրամադրվի: Խորհրդային ժամանակ ես նույնիսկ նվագել եմ անչափահասների գաղութում: Եվ միևնույն է, այդ պահին գտնում ես այնպիսի մի մոտեցում, որ ունկնդիրը գնահատում է: Կարծում եմ` լսարանին անհնար է դուր գալ, նրան կարելի է միայն տրամադրել, դաստիարակել և բարձրացնել մինչև այն բարձունքները, որ տալիս է մեզ երաժշտությունը:

— Կարծիք կա, որ արվեստը սպառել է իրեն, քանի որ համաշխարհային մեծության հանճարները մնացել են անցյալում, իսկ այսօր երիտասարդությունը գործնականում սոցցանցերում է: Ի՞նչ եք կարծում այդ առումով:

Լյուբիմով —  Կարող եմ դրա հետ և համաձայնել, և չհամաձայնել: Իհարկե, սոցցանցերը, Ինտերնետը և գլոբալացումն իրենց կանոններն են սահմանում, և երիտասարդներին դժվար է դատել` որն է իսկականը, որը` կեղծիքը: Բայց միևնույն է, մեծ քաղաքների լսարանն ունի ոչ ստանդարտ հետաքրքիր երաժշտության որոնման միտում: Իմ կարծիքով` չի կարելի ժամանակակից դրությունը գնահատել հին սկզբունքներով: Անշուշտ, կարելի է թվել մի շարք թեկուզ ոչ շատ երիտասարդ կոմպոզիտորների, բայց նրանք այսօր իրենց խոսքն են թելադրում, նույնիսկ եթե համաշխարհային ճանաչում չունեն: Կարծում եմ` կոմպոզիտորի համար կարևորը դասականը չկրկնելն է, այլ փնտրել այն, ինչ խոսում է մարդկային գլխավոր բաների մասին` մնալով այսօրվա ալիքի վրա:

— Ի՞նչն է տարբերում, ըստ Ձեզ, հայկական երաժշտությունը:

Լյուբիմով —  Յուրաքանչյուր ազգ առանձնահատուկ է, և դա դրսևորվում է ամեն ինչում` մտածողության, մշակույթի, երաժշտական ինտոնացիայի մեջ: Այսօր դժվար է նշել, օրինակ, ֆրանսիական և գերմանական երաժշտության ինտոնացիաների տարբերությունը, բայց այնտեղ, որտեղ երաժշտությունն ավելի հագեցած է հնագույն մշակույթի ոգով, այդ ոգին դրսևորվում է: Հայ ժամանակակից կոմպոզիտորների` Զոհրաբյանի, Ռոստոմյանի և այլոց երաժշտական բարդ լուծումները, նույնիսկ ամբողջ ավանգարդ լինելու հետ մեկտեղ, հայկական են մնում:

— Իսկ ինչո՞վ եք սիրում զբաղվել բացի երաժշտությունից:

Լյուբիմով —  Ես շատ եմ սիրում կատուներ: Տանը կատու ունեմ: Իսկ ընդհանուր առմամբ, շատ եմ սիրում ճանապարհորդել` ավելի հեշտ է թվարկել երկրները, որտեղ ես չեմ եղել, օրինակ, Ավստրալիան: Նաև զբաղվում եմ հավաքածուներ ստեղծելով: Մի ժամանակ հավաքում էի տարբեր իրեր, այնուհետև հասկացա այդ զբաղմունքի ունայնությունը, քանի որ միևնույն է` անհնար է ունենալ այն ամենը, ինչ ցանկանում ես: Այնուամենայնիվ, շատ եմ սիրում էթնիկ երաժշտություն և լսում եմ տարբեր ժողովուրդների երաժշտություն: Հավաքում եմ հին վինիլային ձայնապնակներ: Դա հիմնականում ֆոլկ և եկեղեցական երաժշտություն է: Ուզում եմ Հայաստանում գտնել ազգագրական երաժշտության ձայնապնակներ: Առայժմ ունեմ միայն Ջիվան Գասպարյանի և հայ դասականների ձայնապնակները: Այնուամենայնիվ, վերջերս ձեռք եմ բերել Վենետիկի հայկական համայնքի 60-ական թվականների եկեղեցական երգերի ձայնագրություններ: Այդ երգեցողությունը բոլորովին նման չէ այն պատարագին, որ կատարում են այստեղ: Ահա այսպիսի բաներն ինձ իրականում հետաքրքրում են: -0-