Աստղեր

Cosmo–ն հետազոտություն է անցկացրել և պարզել այն հանգամանքները, որոնց շնորհիվ ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնի դարձավ ողջ աշխարհում և սկսեց աստղաբաշխական գումարներ վաստակել` չունենալով որևէ ակնառու տաղանդ։

Մենք չենք կարող հիշել նրա բոլոր ազգականներին

Քարդաշյան ընտանիքի ղեկավար Քրիս Ջեններն ունի վեց երեխա` ավագ Քորթնին, Քիմը (ամենահայտնին), Քլոե, Քրիս, Ռոբ Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեններները։ Կա նաև նախկին ամուսին Բրյուս Ջենները, ով փոխել է սեռը և իրեն անվանել Քեյթլին։ Իսկ հիմա բոլորը փոխել են տեղերը. ո՞վ որտեղ է։

Մենք նախանձում ենք Նորթ Ուեսթի զգեստապահարանին

Երբ Քիմը դեռ հղի էր Նորթ Ուեսթով (նա վերջերս դարձավ երկու տարեկան), անվանի դիզայներներն արդեն ստեղծել էին փոքրիկի համար մի քանի բացառիկ զգեստներ։

Օրինակ` Ֆիբի Ֆայլոն` Celine–ի կրեատիվ տնօրենը, նվիրել է իր ապրանքանիշի երեք մանկական սվիտեր և մարզակոշիկ, Ալբերտ Էլբազը` Lanvin–ի երկու զգեստ, իսկ Ալեքսանդր Վոնգը փոքրիկի համար կարել է կաշվե զգեստ։

Նա ամուսնացած է «մեր ժամանակների մեծագույն աստղի հետ»

Համենայն դեպս, այդպես է կարծում ինքը` Քանյե Ուեսթը։ 2013թ.–ին նա թողարկել է Yeezus անվանումով ալբոմ` աղավաղելով Jesus բառը («Հիսուս»)։ Երգիչը բոլորովին չի վարանում իրեն համեմատել աստվածության հետ (նա նույնիսկ ունի I am a God («Ես աստված եմ» վերնագրով երգ)։ Մի անգամ ամենազոր Քանյեն հրամայել է հաշմանդամություն ունեցող մարդկանց կանգնել և պարել, բայց կախարդանքը, չգիտես ինչու, չի գործել։

Նա հերքում է, որ պլաստիկ վիրահատություն է կատարել  

Քիմը վստահեցնում է, որ իր գեղեցկությունը բնական է։ Բնությունը շռայլորեն օժտել է նրան մեծ հետույքով, ուռած շրթունքներով, կատարյալ ձիգ կրծքով, գեղեցիկ ընգդծված պրոֆիլով և ընդհանրապես ամեն ինչով։

Նա «սելֆիամոլ» է

Եվ դա խոստովանում է նույնիսկ նրա սեփական մայրը։ Քիմը սելֆի է անում գրեթե բոլոր վայրերում, որտեղ հայտնվում է` օդանավակայանի զուգարանից մինչև հյուրանոցի սանդուղք։ Թեև չի կարելի մեղադրել Քիմին հեռախոսի հիշողությունն անխոհեմաբար լցնելու մեջ. այս տարվա մայիսին նա ներկայացրել է 400 էջանոց Selfish ժողովածուն, որի մեջ կան միայն Քիմի սելֆիները։ Ժողովածուն գնել են հաշված ժամերի ընթացքում։

Քիմը զբաղվում է նրանով, ինչի մասին պատկերացում չունի

Քարդաշյան քույրերը D-A-S-H ապրանքանիշի ներքո թողարկում են հագուստ և աքսեսուարներ, 2008թ.–ին Քիմն իր մարզումների սկավառակն է ձայնագրել, ինչպես նաև ստեղծում է բույրեր և կոսմետիկա։ 2010թ.–ին Քիմը ձայնագրել է մի քանի երգ, իսկ մեկ ամիս առաջ ներկայացրել է մազերի խնամքի միջոցներ և գաջեթներ։

Նա ընդհանրապես որևէ տաղանդ չունի

Քիմը միայն մեկ բան է կարողանում անել` փող վաստակել նրանից, ինչից գլուխ չի հանում։ Մեծ փողեր… Այո, մենք պարզապես նախանձում ենք։

Նա հայտնվել է նորաձև ամսագրի շապիկին` կապ չունենալով նորաձևության աշխարհի հետ։

Անցած ապրիլին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը դարձան ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան թողարկման հերոսները։ Դա մեծ անակնկալ էր ամսագրի ընթերցողների համար, չէ՞ որ Քանյեն վաղուց էր խնդրել գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին` իր սիրելիին դարձնել համարի հերոսուհի, բայց նա կտրականապես դեմ էր, և ըստ լուրերի` Քանյեին պատասխանել է. «Միայն իմ դիակի վրայով»։

Ինչպես գիտենք, տիկին Վինտուրը, բարեբախտաբար, ողջ և առողջ է, բայց Քիմն, այնուամենայնիվ, հայտնվեց ամսագրի շապիկին։ Ինչպես և սպասելի էր, նորաձևության աշխարհի որոշ ներկայացուցիչներ վրդովմունքով արձագանքեցին դրան։ «Երբ դու հայտնվում ես Vogue–ի շապիկին, դա ձեռքբերում է քո կարիերայում։ Դրա համար պետք է շատ ջանքեր գործադրել»,– ասել է, օրինակ, սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։

Նրա կարծիքով` Քիմը և Քանյեն այնքան էլ արժանի չեն այդ շապիկին, քանի որ ամսագրում հայտնվելու համար առանձնապես ջանքեր չեն գործադրել։ Դերասանուհի Սառա Միշել Գելարը հայտարարել է, որ հրաժարվում է հրատարակությանը բաժանորդագրվելուց։

Նա ամուսանացել է հանուն շոուի

Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնությունը 2013–ին հեքիաթ էր։ Շատ թանկարժեք հեքիաթ։ Թեպետ Vera Wang–ի ձյունաճերմակ զգեստը և 2 միլիոն դոլար արժողությամբ մատանին եռակի փոխհատուցվեցին. Քիմը վաճառեց արարողության նկարահանման բացառիկ իրավունքը E! հեռուստաալիքին, տոնին հրավիրեց հովանավորներին և իր հարսանիքով վաստակեց ավելի քան 18 միլիոն դոլար։

Սակայն նրանք բաժանվեցին 72 օր հետո։ Ամուսնալուծվել ցանկացավ երիտասարդ կինը` որպես պատճառ նշելով «տարաձայնությունները»։ Համֆրիսը մի քանի ամիս անհաջող փորձում էր վերադարձնել կնոջը, բայց ապարդյուն փորձերից հետո համաձայնեց ամուսնալուծվել և մեծ փոխհատուցում պահանջեց` հիմնավորելով, որ դարձել է Քարդաշյանների հեռուստաշոուի զոհը։ Մինչև հիմա անհայտ է, թե հաջողվե՞ց, արդյոք, բասկետբոլիստին ստանալ 7 միլիոն դոլար, բայց նա գոնե ստացավ ամուսնական մատանու գումարը. Քրիսը վաճառեց այն աճուրդում 200 հազար դոլարով։

Նա կարող է շոու սարքել ամեն ինչից

«ԱՌԿԱ Style»-ն արդեն նշվածներին ավելացնում է պատմական հայրենիք Քիմ Քարդաշյանի այցելության արդյունքների մասին ևս մեկ կետ։

Ապրիլին ամերիկյան հեռուստաաստղն ամուսնու, դստեր և քրոջ` Քլոեի հետ ճանապարհորդություն կատարեց Երևան` «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի-շոուի հերթական էպիզոդի նկարահանման նպատակով։ Այցելության առիթ դարձավ 2015թ.–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։

Այդպիսով` Քարդաշյանին հաջողվեց պատմական հայրենիք ուղևորությունից սարքել հերթական շոուն` գրավելով ողջ աշխարհի ուշադրությունը, միաժամանակ «սպանել երկու նապաստակ»` գովազդել իրեն և Հայաստանը, ինչպես նաև կրկին գումար վաստակել։ -0-