Հայտնի հայ հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook ցանցում իր տպավորություններն է ներկայացրել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցից և նախորդ կիրակի Վատիկանում Հռոմի Պապի հայտարարությունից։ 

«Կիսել, պատռել աշխարհը երկու կեսի՝ վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ-Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված պատարագը։ Անհամատեղելի երկու երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը»,– գրել է Հովհաննիսյանը։

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին։

«Վատիկանում տեղի ունեցածը հոգևոր աշխարհը ցնցեց վերևից՝ տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում։ Քարդաշյանները ցնցեցին մատերիան ներքևից՝ փոթորկանման արձագանք ստանալով միալիարդավոր հետևորդներից։ Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ!»,– հայտարարել է հաղորդավարուհին։

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել  նախորդ չորեքշաբթի ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Ապրիլի 13-ի վաղ առավոտյան նրանք Երևանից ուղևորվեցին Իսրայել։

Հայաստան այցի առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ -0–