Աստղեր

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին առաջարկել է երիտասարդ հայ մարզիկներին նկարահանվել իր նոր վավերագրական ֆիլմում։

Նախօրեին Երևանի Փոքր թատրոնում կայացել է Նաստասյա Կինսկու «Անհնարը ոչինչ է» վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը: Ներկա էին նաև երիտասարդ հայ մարզիկներ, որոնց դերասանուհին առաջարկեց նկարահանվել ապագա ֆիլմում։

Դերասանուհին մտադիր է սպորտի մասին վավերագրական ֆիլմաշար նկարահանել, որում կընդգրկվեն առաջատար մարզիկներ, ովքեր հարցազրույցի ձևաչափով կպատմեն այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել հասնել հաջողության, և ինչպես են դրանում իրենց օգնել իրենց ընտանիքները, հասարակությունը, և աշխարհն ընդհանրապես։

«Ես գիտեմ, որ սպորտը մեծ նշանակություն ունի ձեզ համար, ձեր կյանքի անբաժան մասն է։ Այն նաև մեծ արժեք է ներկայացնում իմ ֆիլմի համար»,– մարզիկներին ասել է Կինսկին։

Նա ավելացրել է, որ որոշել է նման նախագիծ իրականացնել, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում սպորտն իր համար կարևոր նշանակություն է ունեցել։

«Սպորտը կարևոր նշանակություն ունի, մասնավորապես, աճող սերնդի համար։ Գոյություն ունեն մեծ թվով օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես սպորտը կարող է օգնել երեխաներին հոգեբանական տեսանկյունից։ Նաև սպորտն օգնում է նրանց մենակ չզգալ` լինելով թիմում»,– ընդգծեց Կինսկին։

Դերասանուհին նշեց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում և կցանկանար, որ հայ մարզիկները նույնպես դառնան վավերագրական ֆիլմի մի մաս։ Ֆիլմում կնկահարանվեն նաև մարզիկներ աշխարհի բոլոր ծայրերից։

Շնորհանդեսի ընթացքում Կինսկին ներկայացրեց համացանցից իր հավաքած տեսագրությունները համաշխարհային մակարդակի մարզիկների մասնակցությամբ` նշելով, որ դրանք կընդգրկվեն ապագա վավերագրական ֆիլմում։

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-