Աստղեր

Չորեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 15։00–ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում սկսվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը։ Հուլիսին երգչուհին կդառնար 41 տարեկան։ 

Դագաղը տեղադրված է համերգասրահի դահլիճում։ Ժաննայի կողքին են ծնողները, քույրը` Նատալյան, ինչպես նաև ընկերներն ու գործընկերները։ Շուրջը ծաղիկներ են և ծաղկեպսակներ։

Տասնյակ երկրպագուներ հավաքվել են համերգասրահի մոտ հրաժեշտից շատ առաջ և երկար հերթ կազմել։ Շատերի ձեռքերում ծաղիկներ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հասարակությունը Ֆրիսկեի հիվանդության (գլիոբլաստոմա) մասին իմացել էր 2014 թվականի հունվարին, երբ նրա քաղաքացիական ամուսինը`հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, պաշտոնական հայտարարություն էր արել։ Առաջին ալիքը «Ռուսֆոնդի» հետ համատեղ դրամահավաք էր կազմակերպել երգչուհու համար։ Հաջողվել էր հավաքել մոտ 68 մլն ռուբլի` ավելի, քան անհրաժեշտ էր բուժման համար։ Հավաքված գումարի մի մասը Ֆրիսկեն փոխանցել էր այն երեխաներին, որոնք տառապում են քաղցկեղային հիվանդությամբ։ Երգչուհին բուժումը ստանում էր Նյու Յորքում։

Ժաննա Ֆրիսկեն հայտնի էր դարձել 1996 թվականից «Բլեստյաշիե» խմբի կազմում հանդես գալու շնորհիվ։ 2003 թվականին նա սկսել էր մեներգչի հաջողակ կարիերան։ Երգչուհին նաև նկարահանվել էր «Գիշերային պահակախումբ», «Ցերեկային պահակախումբ» և «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմերում։ Անցյալ տարվա ապրիլին ծնվեց երգչուհու և Դմիտրի Շեպելևի զավակը` Պլատոնը։ -0-