Աստղեր

Լեգենդար դերասան Օմար Շարիֆը, որը հայտնի է «Լոուրենս Արաբացի» և «Դոկտոր Ժիվագո» ֆիլմերում խաղացած դերերով, արդեն մոտ 3 տարի է` տառապում է Ալցայմերի հիվանդությամբ, նա արդեն սկսել է մոռանալ իր հայտնի դերերի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ութսուներեքամյա դերասանը ժամանակին փայլում էր Հոլիվուդում, իսկ այժմ ապրում է հայրենիքում։ Նրա որդին` Տարեկը, իսպանական «Էլ–Մունդո»–ին տված հարցազրույցում պատմել է, որ հոր վիճակը զգալիորեն վատացել է։ «Երբեմն փողոցում մարդիկ մոտենում են նրան, և նա կարծում է, թե մոտեցողները ծանոթներ են, որոնց չի կարողանում մտաբերել, սակայն իրականում նրան մոտեցողները երկրպագուներն են։ 

Նա հիշում է, որ հայտնի դերասան է, սակայն արագ զարգացող հիվանդությունը թույլ չի տալիս, որ մանրամասներ հիշի, օրինակ` ում հետ է խաղացել այս կամ այն ֆիլմում, որտեղ է եղել նկարահանումների այն ժամանակ», – պատմել է Տարեկ Շարիֆը։ Նրա խոսքով` առողջացման հույս համարյա չկա։ Կինոյի աստղը չի ուզում ընդունել, որ հիվանդ է և հրաժարվում է հատուկ վարժություններից, որոնք կարող են լավացնել վիճակը։

Օմար Շարիֆը ծնվել է 1932թ.–ին Եգիպտոսում։ Նրա իսկական անունն է Միշել Դեմիտրի Շալուբ։ Դերասանի կարիերան սկսել է «Կուրացնող արև» եգիպտական ֆիլմով։ Իր առաջին անգլիալեզու ֆիլմում («Լոուրենս Արաբացի» (1962 թ.)) շերիֆ Ալիի դերի համար Շարիֆն «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն երկրորդական դերի համար։ 1965թ.–ին Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում նա մարմնավորել է գլխավոր հերոսին։ -0-