Աստղեր

Տաղանդավոր շոումեն, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում պատմել է իր արմատների և ընտանիքի մասին:

Գարիկը նշել է, որ աղջկան և որդուն հայկական ոգով է դաստիարակում, նրանք տանը հայերեն են խոսում:

«Դա հատուկ գործընթաց չէ, ամեն ինչ բնական է ստացվում: 10 տարեկան աղջիկս կարդում և գրում է հայերեն, ազատ խոսում է: Տղաս 5 տարեկան է ու այդ տարիքի համար բավականին լավ է հայերեն խոսում: Կարդալ դեռ չգիտի, բայց ես կարծում եմ, որ երեխաներին հայկական ոգով դաստիարակելը միայն լեզուն սովորեցնելը չէ, դա մշակութային տարատեսակ միջոցառումների մի ամբողջ համակարգ է՝ անգամ տարրական կենցաղային մակարդակում»,- ասել է Գարիկը:

Ըստ նրա` դժվար է ասել՝ այս ամենը ինչ պտուղներ կտա, բայց դա հիմա տեղի է ունենում, երեխաներն իրենց անջատ չեն զգում, նրանք շատ են սիրում Հայաստանը, Երևանը և այն ամենը, ինչը կապ ունի Հայաստանի հետ:

Գարիկը նաև նշել է, որ կինը՝ Ժաննան, հայերեն շատ լավ է հասկանում, բայց չի խոսում. ամաչում է, քանի որ ակցենտ ունի: «15 տարվա ընթացքում նա հոյակապ սովորել է լեզուն, նրանից ոչինչ չես թաքցնի, անգամ երբ խոսում ենք արագ ու երևանյան ժարգոնով, նա ամեն ինչ հասկանում է»,- ասել է Գարիկը: -0-