Աստղեր

Հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները հարցազրույցի է հրավիրել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին։ 

Զրույցը եղել է Ազնավուրի կյանքի, կարիերայի և մի շարք այլ թեմաների շուրջ։ 

Խոսելով երիտասարդության դժվարությունների մասին` Ազնավուրը նշել է. «Երբ երեխա ես կամ երիտասարդ, կյանքը միշտ հիասքանչ է»։ 

Պոզները նշել է, որ Ազնավուրը վաճառել է 100 մլն ձայնասկավառակ, ինչին երգիչը պատասխանել է, որ չգիտի, թե որքան ձայնասկավառակներ է վաճառել. նրան չեն հետաքրքրում թվերը։ 

«Բոլոր լեզուներով ինձ հետաքրքրում են միայն բառերը», – ընդգծել է նա։ 

Նրան հետաքրքրում է նաև փողը։ Հաճելի է, երբ այն կա։ 

«Ես վաստակում եմ և որոշում, թե ինչպես ծախսել դրանք։ Երբ կարողանում ես վաստակել, պետք է կարողանաս նաև ծախսել», – նշել է նա։  

Պոզները հարցրել է` Ազնավուրը ցնցուղ ընդունելիս երգու՞մ է, թե ոչ։ Երգիչը պատասխանել է, որ ցնցուղից չի օգտվում, նա լոգանք է ընդունում և միաժամանակ սովորում չիմացած տեքստը։ 

Ազնավուրի համար 20–րդ դարի թիվ մեկ էստրադային կատարողը Ռեյ Չարլզն է։ Երգիչը կցանկանար երգել նրա հետ։ Նա նաև տեղեկացրել է, որ Ռեյը որդի ունի, որը կիսով չափ հայ է։ 

«Աղ, շաքարավազ, յուղ ուտել չի կարելի, ես այդ ամենը ուտում եմ», – այսպես է պատասխանել Ազնավուրը սննդակարգին վերաբերող հարցին։ 

Նա նաև նշել է, որ չի զբաղվում սպորտով, միայն ամռանը լողում է, այն էլ` ոչ լավ։ 

«Ես գրչով աշխատող մարդ եմ», – ասել է Ազնավուրը։ Սկզբում գրում է խոսքերը, որովհետև չի կարողանում խոսքերը հարմարեցնել երաժշտությանը։ 

Հենց այդ պատճառով մաեստրոն խոստովանել է, որ անմարդաբնակ կղզի գնալիս իր հետ կվերցներ այն, ինչով կարելի է գրել։

Պոզներն իր բոլոր զրուցակիցներին ավանդական հարց է ուղղում` եթե կարողանայիք հանդիպել Աստծուն, ի՞նչ կհարցնեիք նրան։ Ազնավուրը նույնպես պատասխանեց այս հարցին. «Ես նրան կբարևեի, ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Հետո պետք է նա խոսի, քանի որ ես գուցե սխալներ եմ գործել Երկրի վրա, սակայն նա էլ սխալներ ունի, այնպես որ պետք է դրանք պարզաբանի»։ -0-