Աստղեր

Հայտնի բրիտանացի փոփ–երգիչ, կոմպոզիտոր և դաշնակահար Էլթոն Ջոնն ու նրա ամուսինը` կանադացի կինեմատոգրաֆիստ Դևիդ Ֆերնիշը, հանդես կգան նոր սերիալի պրոդյուսերների դերում, հաղորդում է Cosmo.ru–ն։

HBO ամերիկյան հեռուստաալիքը մտադիր է «Վիրտուոզ» անվանումով նոր սերիալ նկարահանել, որը պատմում է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների կյանքի մասին, ովքեր ուսման նպատակով գալիս են Վիեննա։ Ֆիլմի գործողությունները տեղի կունենան XVIII դարում։ Նոր նախագծի պրոդյուսերները կլինեն Էլթոն Ջոնը, նրա ամուսինը` Դևիդ Ֆերնիշը, և Ալան Բոլը, ում НВО–ն պատվիրել է գրել «Վիրտուոզ» սերիալի փորձնական սերիայի սցենարը։

Հետաքրքիր է, որ առաջին սերիայում գլխավոր դերը կկատարի դերասան Փիթեր Մաքդիսին, ով արդեն ծանոթ է Բոլին «Իսկական արյուն» և «Հաճախորդը միշտ մահացած է» հայտնի սերիալներով։

Փորձնական սերիայի նկարահանումները կսկսվեն գարնանը Բուդապեշտում։

Երգիչ Էլթոն Ջոնը Մեծ Բրիտանիայի ամենահաջողված փոփ–կատարողներից է, և առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս պրոդյուսեր դերում։ Նա «Ներկայացում Էլվիս Քոսթելլոյի հետ» երաժշտական հեռուստաշոուի, «Կանացի բամբասանքներ» և «Անապատի ծաղիկ» ֆիլմերի, ինչպես նաև «Գնոմեո և Ջուլիետա» անիմացիոն ֆիլմի պրոդյուսերն է։ 

Ինչպես արդեն նշել ենք, Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշն ամուսնացել են 2014թ.–ի դեկտեմբերի 21–ին Վինձորում։ –0–