Հռչակավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ով Երևանում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված համերգաշար է ներկայացնում, Հայաստանի  մայրաքաղաքում իր առաջին համերգն անվանել է այդ հանցագործության զոհերի հիշատակի պատարագ։ 

Համերգի ծրագրում` «Դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտ Nо.17» և Մոցարտի «Ռեքվիեմ»։

«Մենք այսօր մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեր պատարագը։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ վախենում են այդ բառից այնպես, ինչպես Հոլոքոստ բառից։ Բայց աշխարհում գոյություն ունի ճշմարտություն։ Այն, ինչպես ասել է Տոլստոյը, ինչպես ծիլ ճեղքում է ասֆալտը»,– ասաց Սպիվակովը։

Նա գոհունակություն հայտնեց, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ու գերիշխան Ֆրանցիսկոս Պապը միլիարդավոր մարդկանց ասաց, որ 100 տարի առաջ կատարվել է հանցագործություն, և հայ ազգը կարող էր ջնջվել երկրի երեսից։

«Մենք այժմ կլռենք և կմտածենք նրանց մասին, ում կորցրել ենք։ Մենք բոլորս մարդիկ ենք, և շատ հաճախ մեզ չի լքում հուսահատությունը։ Կարծում եմ` դա միակ բանն է, որ տարբերում է մի մարդուն մյուսից` հուսահատության աստիճանը»,– ասաց Սպիվակովը։ 

Նա հնագույն առակ պատմեց այն մասին, թե ինչպես մի շատ իմաստուն ղեկավար բարձրացավ սարը արևածագը դիմավորելու։ Եվ երբ իջավ ներքև` ստորոտին նրան ժողովրդի բազմություն էր սպասում, որը հարցրեց` «Ո՞վ ենք մենք»։ 

«Նա ասաց բառեր, որոնք կարող են ուղղվել նաև ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին։ Ձեր ազգի մարդկանցից յուրաքանչյուրը սրտում վիշտ ունի։ Այդպես  լինելու է երկար–երկար դարեր։ Եվ ահա, նա ասաց. «Դուք աշխարհի լույսն եք։ Դուք աստղեր եք։ Դուք մաքրության տաճար եք։ Ձեզանից յուրաքանչյուրի մեջ Տիեզերքն է»։ Ահա նույնն էլ ես եմ մտածում հայ ազգի` ձեր մասին»,– ասաց մաեստրոն։ -0-

Նախօրեին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Սպիվակովի ղեկավարությամբ կատարել է հատվածներ Մոցարտի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի և Վերդիի օպերաներից։ Հինգշաբթի կայացել է վերջին համերգը։ Հանդիսատեսին ներկայացվել է Չաս Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» մուլտիմեդիոն նախագիծը։ Համերգներն անցկացվում են «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» փառատոնի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ -0-