Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Heat ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր և ամերիկյան հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանի միջև ազգակցական կապ կա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Լրագրողի այն հարցին, թե Քեմերոնը դիտե՞լ է արդյոք «Քարդաշյանների ընտանիքը» շոուն, քաղաքական գործիչը բացասական պատասխան է տվել, սակայն նշել է, որ ինքը հանրահայտ աստղի 13-րդ պորտի ազգականն է: The Daily Telegraph–ը գրում է, որ geni.com գենետիկական կայքի տվյալների համաձայն` Քարդաշյանի և Քեմերոնի ընդհանուր նախնին 1555 թվականին ծնված ոմն Ուիլյամ Սպենսերն է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատմել է նաև առնետների հանդեպ ունեցած վախի մասին: «Մի անգամ գիշերը ես խոհանոցում առնետ եմ տեսել, և սարսափելի էր: Կուզեի ասել, որ մինչև գոտկատեղս մերկացել եմ և կրծողի դեմ պայքարի նետվել, բայց ոչ: Արդյունքում նա թաքնվեց շրիշակի տակ եղած անցքի մեջ»,- հիշել է վարչապետը 2011 թվականին տեղի ունեցած մի դեպք: Քեմերոնն ավելացրել է նաև, որ ստիպված է եղել առնետների դեմ պայքարելու նպատակով Լարրի անունով կատու պահել Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընդհանրապես չի վախենում սարդերից: «Եթե լոգարանում սարդ հայտնվի, ապա կանչեք ինձ, ես այդ սարսափելի արարածի հարցերը միանգամից կլուծեմ»,- հայտարարել է վարչապետը:

Քեմերոնը հայտնել է, որ չի կարողանում միաժամանակ մի քանի բան անել: «Ես չեմ կարող գնալ վազելու և միաժամանակ երաժշտություն լսել: Չեմ հասկանում` մարդկանց ոնց է դա հաջողվում»,- ասել է քաղաքական գործիչը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ աշխատանքի մասին էր նա երազում մանուկ հասակում, վարչապետը պատասխանել է, որ ցանկանում էր զինվոր դառնալ, բեռնատարի վարորդ կամ ֆերմեր: -0-