ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բրիտանացի դերասան Դենիել Քրեյգին ականների և պայթյունավտանգ ռազմամթերքի չեզոքացման համաշխարհային մարտիկ է նշանակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով ՄԱԿ–ի կայքում հրապարակված հաղորդագրությունը։ Դենիել Քրեյգը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերով` որպես «գործակալ 007»։

Արարողությունն անցկացվել է ՄԱԿ–ի նյույորքյան կենտրոնակայանում։ Նշվում է, որ դերասանն այս գործով կզբաղվի առաջիկա երեք տարվա ընթացքում։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Դենիել Քրեյգն իր ճանաչման շնորհիվ կկարողանա միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ականների վտանգին վերաբերող խնդրին։

«Որպես 007 գործակալ` Քրեյգը «սպանության արտոնագիր» ունի։ Այսօր մենք նրան «մարդկանց փրկելու արտոնագիր» ենք տալիս»,–– հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Դենիել Քրեյգը ՄԱԿ–ի` ականների վտանգի հարցերով զբաղվող առաջին համաշխարհային մարտիկն է։ Նրան հանձնարարվել է տարածել կազմակերպության` այս ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը և քաղաքական ու ֆինանսական օգնություն ներգրավել այս նպատակի համար։ ՄԱԿ–ը նախատեսում է, որ դերասանը կայցելի այն վայրեր, որտեղ ընկերության մասնագետներն ականազերծում են իրականացնում։ Այս պահին ՄԱԿ–ի ականազերծման ծրագիրը գործում է 30 երկրում։

Դենիել Քրեյգն այժմ նկարահանվում է Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. սպեկտր» ֆիլմում։ Սա «գործակալ 007»–ի մասին պատմող արդեն չորրորդ ֆիլմն է, որում Քրեյգը հանդես է գալիս գլխավոր դերում։ Մինչ այդ նա բրիտանական լրտեսի դերում էր հանդես եկել ««Դաշնամուր» խաղատուն» (2006), «Գթասրտության քվանտ» (2008) և «007. Սքայֆոլի կոորդինատները» (2012) ֆիլմերում։ -0-