Աստղեր

Իտալիայի վճռաբեկ (գերագույն) դատարանն ուրբաթ երեկոյան արդարացրել է հայտնի դիզայներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային, ովքեր ավելի վաղ դատապարտվել էին վեց ամսվա ազատազրկման` հարկերից խուսափելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ANSA գործակալությանը:

Դատավորների կարծիքով` Dolce&Gabbana հայտնի ապրանքանիշի հիմնադիրները մեղավոր չեն իրենց առաջադրված իրավախախտումներում: Նրանց հետ միասին արդարացվել են նաև ընկերության երկու մենեջերները և Դոմենիկոյի եղբայրը` Ալֆոնսո Դոլչեն:

Վճռաբեկ դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Հայտնի դիզայներները մեղադրվում էին մոտ մեկ միլիարդ եվրոյի հարկեր չվճարելու մեջ: Միլանի վերաքննիչ դատարանն ապրիլի վերջին 1 տարի 8 ամսից Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժն իջեցրել էր մինչև մեկուկես տարի:

Մոդելավորողները մի քանի տարի գտնվում էին Իտալիայի հարկային և դատական մարմինների ուշադրության կենտրոնում: Մեղադրող կողմի վարկածով` սկսած 2004 թվականից, երբ Լյուքսեմբուրգում ստեղծվեցին Dolce & Gabbana Luxemburg sarl և Gado sarl երկու ընկերությունները, նորաձևության հայտնի տան ղեկավարությունը զբաղվում էր ֆինանսական հաշվետվությունների աղավաղումներով և հարկային փաստաթղթերի կեղծումներով, ինչի հետևանքով իտալական գանձապետարան չէր մուտքագրվել մոտ մեկ միլիարդ եվրո:

Միաժամանակ, հարկերի չվճարման մասին գործը մի քանի անգամ վարում էին իտալացի դատարանները, այդ թվում` Գերագույն դատարանը: Այսպես, դեռ 2011 թվականի ապրիլին միլանցի դատավոր Սիմոնե Լուերտին հանել էր Դոլչեի և Գաբանայի նկատմամբ բոլոր մեղադրանքները, քանի որ «անհիմն» էր ճանաչել նրանց դեմ մեղադրանքները: Սակայն նույն տարվա նոյեմբերին Իտալիայի վճռաբեկ դատարանը չեղյալ էր համարել այդ որոշումը և վերադարձրել գործը վերանայման: -0-