Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը չի ցանկանում, որ երկրի զբոսաշրջության «դեմքը» լինի դերասանուհի Ջուլիանա Մուրը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Hurriyet թերթին։

Թուրքիան որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու մրցույթում հաղթել էր Iconisus & I Mean գործակալությունը և Մուրի մասնակցությամբ գովազդային ֆիլմ էր նկարահանել, որում դերասանուհին հիշում էր մանկության տարիներին Թուրքիա կատարած այցելությունը։ Սակայն ֆիլմը չի գոհացրել Թուրքիայի մշակույթի նախարարությանը և պահանջել է նորից նկարահանել։ Դերասանուհին հրաժարվել է, ինչի հետևանքով նրա մասնակցությամբ նախագիծը չեղյալ է հայտարարվել։

Նախարարությունում ունեցած աղբյուրը թերթին հայտնել է, որ գովազդային ֆիլմից հրաժարվել են «դերասանական թույլ խաղի» պատճառով։ Ավելի վաղ դերասանուհու ընտրությունը սուր քննադատության էին ենթարկել Թուրքիայում հայտնի մի շարք գործիչներ։ Նրանք դերասանուհուն «դեպրեսիվ անձ» էին որակել։ 

Նախարարությունը հրաժարվել է այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն անել, քանի որ գերատեսչությունն անավարտ նախագծերի վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացնում։ Iconisus & I Mean–ը 1.5 միլիոն դոլար կստանա 4 միլիոն դոլար գնահատված նախագիծը չեղյալ հայտարարելու համար։

Այս տարի Ջուլիանա Մուրը «Օսկար» մրցանակի է արժանացել «Դեռևս Էլիս» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա նաև «էմմի» մրցանակի դափնեկիր է (1988, 2012), արժանացել է «Ոսկե գլոբուս» (2013, 2015) և BAFTA (2015) մրցանակների։ Դերասանուհին Կաննի, Բեռլինի և Վենետիկի (եռակի) հեղինակավոր փառատոների մրցանակակիր է։ Նրա պատվին աստղ է բացվել նաև Հոլիվուդի «Փառքի պուրակում»։ -0-