Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքն արդեն կայացել է: People ամսագիրը, որը միլիոններ էր վճարել նրանց նորածին երեխաների՝ Շայլոյի, Նոքսի և Վիվիենի առաջին լուսանկարների և զույգի պսակադրության առաջին կադրերի համար, այժմ հաստատում է, որ Անջելինան և նրա բոլոր երեխաները կրում են Ջոլի-Փիթ ազգանունը, հաղորդում է Glamour.ru-ն:

Որպես ազգանվան փոփոխության ապացույց` ամսագիրը ներկայացնում է Անջելինայի ստորագրությունը The New York Times թերթում վերջերս հրապարակված հոդվածի տակ, որտեղ նա պատմում է ձվարանների հեռացման վիրահատության մասին: Բացի դրանից, Kids’ Choice Awards 2015 մրցանակաբաշխության ժամանակ Անջելինային բեմ հրավիրեցին Ջոլի-Փիթ ազգանվամբ: Հիշեցնենք, որ Ջոլին հաղթել էր «Լավագույն չարագործ» անվանակարգում:

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնացել են օգոստոսի 23-ին Ֆրանսիայում գտնվող Château Miraval ամրոցի զանգակատանը, նշանադրության մասին հայտարարելուց երկու տարի անց: Էնջին և Բրեդը դաստիարակում են յոթ երեխաների, որոնցից երեքը սեփական երեխաներն են, իսկ չորսը՝ որդեգրած: -0-