Աստղային կյանք

Ըստ Forbes ամսագրի՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան տասներորդ անգամ անընդմեջ գլխավորել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է starhit.ru.-ն:

2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսը նա վաստակել է 24.4 միլիոն դոլար: Միաժամանակ, նրա եկամուտների առյուծի բաժինը (90 տոկոսը) Nike, Avon, Samsung, Tag Heuer, Evian և Head ապրանքանիշների հետ կնքված գովազդային պայմանագրերից ստացված հոնորարներն են: Մնացած 10 տոկոսը մրցաշարային պարգևավճարներն են:

Բացի Շարապովայից, առաջին տասնյակում ներառվել է ևս վեց թենիսիստուհի: Երկրորդ տեղում չինուհի Լի Նան է ($23,6 միլիոն), երրորդը ամերիկացի Սերենա Ուիլյամսն է (22 միլիոն), վեցերորդը` Վիկտորիա Ազարենկոն (11,1 միլիոն), յոթերորդը` Կարոլին Վոզնյացկին (10,8 միլիոն), ութերորդը` Ագնեշկա Ռադվանսկան (6,8 միլիոն), իններորդը`Անա Իվանովիչը (6.4 միլիոն):

Մարիա Շարապովան գլխավորում է նաև շոու-բիզնեսի և սպորտի 50 ռուս աստղերի վարկանիշային աղյուսակը, որը կազմում է ռուսական Forbes-ը: 2014 թվականին ամերիկյան Forbes-ի խմբագրությունն ընդգրկել է Շարապովային բիզնեսի ամենավառ աստղերի ցանկում, ում 30 տարեկանը դեռ չի լրացել և աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց վարկանիշային աղյուսակում (63-րդ տեղ): -0-