Աստղային կյանք

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը հայր է դարձել։ Նրա կինը` դերասանուհի Սոֆի Հանթերը, որի հետ «Նմանակման խաղ» ֆիլմի աստղն ամուսնացել է այս տարվա փետրվարին, որդի է լույս աշխարհ բերել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։ Նորությունը հայտնել է զույգի ներկայացուցիչը։ Նա ուրիշ մանրամասներ չի հայտնել, գրում է The Telegraph հրատարակությունը։

Բենեդիկտի և Սոֆիի նշանադրության մասին հայտնի էր դարձել անցած տարվա նոյեմբերին, իսկ հունվարի սկզբին դերասանի ներկայացուցիչները հաստատել են Հանթերի հղիության մասին լուրը։ Դերասանն ու նրա կինն առաջին անգամ են ծնող դառնում։

Որոշ տվյալներով` Քամբերբեթչը և Հանթերը ծանոթացել են դեռ 2009թ.–ին «Հեքիաթի բուրլեսկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դերասանն այդ պահին «ջերմ» հարաբերություններ ուներ դերասանուհի Օլիվիա Պուլեի հետ, որից բաժանվեց երկու տարի անց։ -0-