Աստղային կյանք

Ռուս մասնագետները տիեզերական զբոսաշրջիկ և բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանի համար գիտական ծրագրի իրենց առաջարկներն են նախապատրաստում: Այս մասին գրում է «Независимая газета` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

ՌԳԱ Բժշկա-կենսաբանական խնդիրների ինստիտուտի տնօրեն Իգոր Ուշակովը նշել է, որ գիտնականները հետաքրքրված են հիանալի սոպրանո երգչուհու մասնագիտական որակների գրանցման հարցում: «Մենք ցանկանում ենք առաջարկել նրան գնահատել կամ գրանցել իր մասնագիտական որակները, այսինքն՝ երգչուհու որակները: Այլ կերպ ասած՝ երգել տիեզերքում», — պարզաբանել է նա:

Ուշակովի խոսքերով՝ դա հետաքրքիր կլինի և գիտնականների, և երգչուհու, և նրա երկրպագուների համար: «Սա դեռ միայն գաղափար է, որը նրան կառաջարկվի, իսկ վերջնական որոշում ընդունելու իրավունքն, իհարկե, նրան է վերապահվում», — նշել է զրուցակիցը:

Եթե Բրայթմանը համաձայնի նման ուսումնասիրության մասնակցել, ապա նրա ձայնը կձայնագրվի մինչև թռիչքը, Միջազգային տիեզերական կայանում գտնվելու ժամանակ և վայրէջքից հետո:

Ուշակովը տեղեկացրել է, որ թռիչքից մեկուկես-երկու ամիս առաջ՝ 2015 թ.-ի աշնանը, երգչուհին պետք է անցնի տիեզերագնացների զննման գլխավոր բժշկական հանձնաժողովը, որը հաստատվել է Ռուսաստանում տիեզերք մեկնող բոլոր մասնակիցների համար:

2013 թ.-ի մայիսին Ռոսկոսմոսն ու Space Adventures ամերիկյան ընկերությունը սկզբունքային համաձայնության են եկել Սառա Բրայթմանի՝ Միջազգային տիեզերակայան թռիչքի կապակցությամբ: Սպասվում է, որ երգչուհու համար թռիչքը կտևի տասը օրը: Որոշ տվյալների համաձայն՝ տիեզերական ուղևորության համար երգչուհին կվճարի մի քանի տասնյակ միլիոն դոլար:

«Սոյուզ» տիեզերանավով բրիտանական երգչուհու տիեզերական ուղևորությունը նախատեսված է 2015 թ.-ի աշնանը: Նրան կընկերակցեն ռուս տիեզերագնաց Սերգեյ Վոլկովն ու եվրոպացի տիեզերագնաց Անդրեաս Մոգենզենը:-0- 

. -0-