Աստղային կյանք

Բրիտանացի երաժիշտ Ռոբի Ուիլյամսը նախատեսում է ապրիլին ելույթ ունենալ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, և երգչի ադմինիստրատորները ռուսական կողմին բավականին հետաքրքրաշարժ ցանկ են (rider) ներկայացրել, որում շարադրված են համերգի կազմակերպիչներին ներկայացվող պահանջները, հաղորդում է Cosmo.ru–ն։

Ինչպես պարզվել է, Ռոբի Ուիլյամսի հետ Ռուսաստան կգա նաև նրա հայրը` Փիթեր Ուիլյամսը, և անձնակազմի 120 անդամ, որոնց թվում կլինեն ութ մենեջեր, ոճաբան, մերսող, վեց խոհարար և նույնքան անվտանգության աշխատակից։ Նման մեծ թվով անձնակազմի համար արտիստին պահանջվում է գրիմի համար նախատեսված երեք անհատական սենյակ, անձնակազմի համար նախատեսված վեց սենյակ և հինգ գրասենյակ։ Գրիմի սենյակներում պետք է լինի կախովի լույսերով երկու հայելի, որոնցից մեկը պետք է դրված լինի սեղանին, իսկ մյուսը ցուցադրի ամբողջ հասակը։ Իսկ անձնակազմի համար արտիստը պահանջել է 30 բազմոց։ Կազմակերպիչները կատակում են, թե բրիտանացու այցելության համար կահույքի մի ողջ ֆաբրիկա պետք է աշխատի։  
 
Բացի այդ, արտիստը խնդրել է իր խմբին տրամադրել 280 սրբիչ, վեց կրակմարիչ և չորս բրիտանական թերթ։ 

Ամենայն հավանականությամբ Ուիլյամսը կսնվի սեփական խոհանոցում, որը կբերի իր հետ։ Սակայն նա նաև որոշ բաներ կփորձի ռուսական սննդամթերքից։ Մասնավորապես, երաժիշտը պահանջել է 16 լիտր կաթ, 24 փքաբլիթ, մեկ կգ լոլիկ և սունկ ու 48 ձու։ Իսկ որպեսզի կազմակերպիչների զարմանքն էլ ավելի մեծ լինի, Ռոբին խնդրել է տրամադրել մեծ սառնարան, այն լցնել 50 կգ սառույցով, որը պետք է սառեցվի օրվա տարբեր ժամերին` 20 կիլոգրամը գիշերը, իսկ 30 կիլոգրամը` ուղիղ կեսօրին։

«Take That» խմբի նախկին մենակատար Ռոբի Ուիլյամսը համաշխարհային շրջագայության շրջանակում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգում 2015թ.–ի ապրիլի 9–ին։ Համերգը, որի հիմքում ընկած է «Let Me Entertain You» ծրագիրը, կանցկացվի Պետերբուրգի մարզահամերգային համալիրում։ Ապրիլի 12–ին Ուիլյամսը ելույթ կունենա Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում։ -0-