People հրատարակությունը հայտնել է, որ Ռոբերտ Փեթինսոն և Թալիա Բարնեթ, նույն ինքը` FKA Twigs, զույգին կարելի է շնորհավորել նշանադրության առթիվ։ Այդ մասին ամսագրին տեղեկացրել են իրազեկ աղբյուրները, այնինչ դերասանի և երգչուհու պաշտոնական ներկայացուցիչները դեռևս լռություն են պահպանում։ Այս մասին գրում է Hellomagazine.com-ը:

Ռոբերտի և Թալիայի հարաբերությունների նոր որակի մասին հայտնի է դարձել ապրիլի 1-ին` Հիմարի օրը, այդ պատճառով շատերը չեն հավատացել ուրախալի լուրին։ Իրավիճակից օգտվել է նաև Բանեթի ընկերը` երաժիշտ T-Pain-ը։ Ավելի վաղ Vulture-ին տված հարցազրույցում նա ակամայից մատնել է իր գործընկերոջ գաղտնիքը` ասելով, որ Թալիան չի մասնակցի իր ալբոմի ձայնագրությանը, քանի որ «տվյալ պահին նշանված է Փաթիի հետ»։ Օրերս նա հրաժարվեց իր խոսքերից`  Twitter-ում գրելով` «Փոքրիկ ապրիլմեկյան կատակ եմ ավելացրել Vulture-ի իմ հարցազրույցում»։

Սակայն People-ը պնդում է, որ չնայած անգամ նման հայտարարություններին` իր աղբյուրներին կարելի է լիովին վստահել, և Ռոբերտն ու Թալիան իսկապես նշանադրվել են։ 

Հիշեցնենք, որ «Մթնշաղ» սագայի աստղ Ռոբերտ Փեթինսոնի և երգչուհի FKA Twigs-ի հարաբերությունների մասին հայտնի դարձավ նախորդ տարվա օգոստոսին, երբ զույգին տեսել էին Նյու Յորքում զբոսնելիս։ -0-