Աստղային կյանք

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ- Style/. Ըստ PETA-ի (People for the Ethical Treatment of Animals)` աշխարհի ամենասեքսուալ բուսակերներ են ճանաչվել Ջարեդ Լետոն և Էլլեն Փեյջը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: Հաղթողներն ընտրվել են PETA-ի կայքի այցելուների կողմից առցանց քվեարկության միջոցով, հաղորդում է  Lenta.ru –ն:

42-ամյա դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն հաղթել է տղամարդկանց կատեգորիայում` մնացած մասնակիցների  համեմատ մեծ տարբերությամբ: Քվեարկողները հատկապես նշել են նրա երիտասարդ արտաքին տեսքը: Լետոն արդեն ավելի քան 20 տարի նախընտրում է սնվել բուսական ծագում ունեցող սննդով:

Միաժամանակ 20-ամյա Էլլեն Փեյջը հաղթել է կանանց շրջանում` արժանանալով քվեարկողների համակրանքին սոցցանցերում բուսակերությունը տարածելու համար: Սակայն չի նշվում, թե դերասանուհին որքան տարի է սնվում բուսական ծագում ունեցող սննդով:

Հարկ է նշել, որ և Լետոն, և Փեյջը խստապահանջ բուսակերներ են, ինչը նշանակում է, որ նրանք հրաժարվում են ոչ միայն մսեղենից և ձկնեղենից, այլև կաթից, ձվից և մեղրից:

Ըստ PETA-ի` ամենասեքսուալ բուսակերների կոչման թեկնածուների թվում էին նաև Քրիսթի Բրինքլին, Քերրի Անդերվուդը, Ռիկի Մարտինը, Ռասսել Բրենդը, Վուդի Հարելսոնն ու այլ աստղեր:

PETA-ն ամեն տարի կազմակերպում է ամենասեքսուալ բուսակերի կոչման մրցույթը: 2013 թ.-ին ամենասեքսուալն էր ճանաչվել դերասանուհի Քրիսթեն Բելլը, իսկ տղամարդկանց կատեգորիայում հաղթել էր Դեքս Շեփարդը: Սակայն դերասանը հրաժարվել էր կոչումից` տեղեկացնելով, որ որոշել է հավի միս ուտել: -0-