Աստղային կյանք

Դմիտրի Պեսկովը վայրկյաններն էր հաշվում, թե երբ են ինքն ու Տատյանա Նավկան ամուսնանալու, սակայն սպասումն ու ուրախությունը նրանց «քթից եկավ». այսօր ամբողջ երկիրը հաշվում է, թե ինչ արժեր փեսացուի ձեռքին շողշողացող Richard Mille ժամացույցը, հայտնում է Tatler.ru–ն։

Կրքերն ավելի թեժացան, երբ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքրքրասեր աշխատակիցները ճշտեցին ժամացույցի գինը` 620 հազար դոլար (շուրջ 300 մլն դրամ)։ 

2014 թվականի եկամուտների դեկլարացիայում Դմիտրի Պեսկովի անվան տակ շատ համեստ գումար է նշված` ինը միլիոնից մի փոքր ավել։ Նա փորձել է հերքել թանկարժեք իրը գնելու փաստը. «Սա Տանյայի (Տատյանա Նավկա) նվերն է։ Ժամացույցն իրոք թանկարժեք է։ Սակայն նրա գինը զգալիորեն ցածր է, քան նշում են որոշ մարդիկ»։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ավելացրել է, որ ժամացույցը նվեր է ստացել ամուսնության օրվա կապակցությամբ։ Նա հավանաբար մոռացել է, որ ժամացույցը կապել էր դեռ 4 ամիս առաջ (լուսանկարը տեսել են նրա աղջկա` Ելիզավետա Պեսկովայի Instagram–ում)։

Տատյանա Նավկան նույնպես շտապել է մեկնաբանել. «Ես օլիմպիական չեմպիոն եմ։ Շատ եմ աշխատում, նույնիսկ` ամռանը։ Գումար եմ վաստակում իմ քրտնաջան աշխատանքով և կարող եմ ինձ թույլ տալ թանկարժեք նվեր մատուցել սիրելիիս։ Ամուսնության նախօրեին, բնականաբար, հարց առաջացավ` ինչ նվիրել իմ սիրելի տղամարդուն։ Եվ ես որոշեցի նրան ընծայել այս գեղեցիկ ժամացույցը», – մեկնաբանել է Նավկան։ Ըստ երևույթին, նա ժամացույցը կարողացել է գնել զեղչերի ժամանակ։

Ի դեպ, սա առաջին թանկարժեք գնումը չէ, որի համար զույգը ստիպված է լինում «արդարանալ». սեպտեմբերին Նավկային և Դմիտրիին «կտտանքների» էին ենթարկում 182 հազար դոլար արժողությամբ Bentley–ի համար, որը Պեսկովը նվիրել էր սիրելիին իրենց դստեր` Նադեժդայի ծննդյան կապակցությամբ։ -0-