Աստղային կյանք

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի` կոմայի մեջ գտնվող միակ դուստր Բոբի Քրիստինա Բրաունին տրախեոտոմիա են կատարել` շնչառական ուղիների վիրաբուժական բացում հատուկ խողովակի տեղադրմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

21–ամյա Բոբի Քրիստինայի ամուսինը հունվարի 31–ին նրան անգիտակից հայտնաբերել է լոգարանում։ Աղջիկը տեղափոխվել է Ատլանտայի հոսպիտալ, որտեղ նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել և միացրել են շնչառական սարքի։ 

Կատարած վիրահատությունը հերքում է այն հաղորդումները, որ աղջկա բարեկամները համաձայնություն են տվել կենսապահովման համակարգերից նրան անջատելուն։ Տրախեոտոմիան անում են այն հիվանդներին, ովքեր շնչառության խթանման կարիք ունեն երկարատև ժամանակ, նշում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը` հղում անելով փորձագետների կարծիքին։ 

Բոբի Քրիստինան Հյուսթոնի և R&B հայտնի կատարող Բոբի Բրաունի դուստրն է։  Հայտնի է, որ Հյուսթոնն իր ողջ կարողությունը կտակել է իր դստերը։ 

Ուիթնի Հյուսթոնը մահացել է Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցային համարում 2012 թվականի փետրվարի 12–ին, մահը հաստատել էին շտապօգնության բժիշկները։ Երգչուհին 48 տարեկան էր, բուժվում էր թմրամոլությունից։ Քննիչի պաշտոնական ներկայացուցիչը, որը վարում էր Հյուսթոնի մահվան գործը, հայտնել էր, որ երգչուհին պատահականորեն խեղդվել է։ Նրա մահվան պատճառներից նա նշում էր սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունը և կոկաինի օգտագործումը։ -0-