Աստղային կյանք

Բժիշկներն ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը` Բոբի Քրիստինային, դուրս են բերել արհեստական կոմայից, սակայն սաստիկ ջղաձգությունից հետո նրանք ստիպված են եղել հակառակ գործընթացի անցնել, գրում է People ամսագիրը` վկայաբերելով աղջկա բարեկամներին։

«Բժիշկները որոշել էին հրաժարվել դեղերից, սակայն աղջկա մոտ ուժեղ ջղաձգումներ են սկսվել… Նրան կրկին կոմայի մեջ են «գցում»,– թերթին է ասել Քրիստինայի ընտանիքի անդամներից մեկը։

«Սարսափելի անհաջողություն է։ Բոլորը հույս ունեին, որ դա դեպի առողջացում տանող առաջին նշանը կլինի»,– ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

21–ամյա Բոբի Քրիստինայի ամուսինը հունվարի 31–ին գտել էր նրան անգիտակից վիճակում, ջրով լցված լոգարանում։ Աղջկան տեղափոխել էին Ատլանտայի հիվանդանոց, որտեղ նրան արհեստական կոմայի մեջ էին «գցել» և միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին։ Որոշ ժամանակ անց Քրիստինա Բրաունին տրախեոտոմիա են կատարել` շնչառական ուղիների վիրաբուժական բացում հատուկ խողովակի տեղադրմամբ։

Բոբի Քրիստինան Հյուսթոնի և R&B հայտնի կատարող Բոբի Բրաունի դուստրն է։ Հայտնի է, որ Հյուսթոնն իր ողջ կարողությունը կտակել է դստերը։ 

Ուիթնի Հյուսթոնը մահացել է Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցային համարում 2012 թվականի փետրվարի 12–ին, մահը հաստատել էին շտապօգնության բժիշկները։ Երգչուհին 48 տարեկան էր, բուժվում էր թմրամոլությունից։ Քննիչի պաշտոնական ներկայացուցիչը, որը վարում էր Հյուսթոնի մահվան գործը, հայտնել էր, որ երգչուհին պատահականորեն խեղդվել է։ Նրա մահվան պատճառներից նա նշում էր սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունը և կոկաինի օգտագործումը։ -0-