Աստղային կյանք

Ուիթնի Հյուսթոնի աղջկան` 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունին, տուն են տեղափոխում, որպեսզի նա «կարողանա հանգիստ մահանալ», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Այն օրից, ինչ Բոբի Քրիստինային հունվարի 31-ին գտել էին անգիտակից պառկած Ատլանտայի իր տանը, աղջիկը գիտակցության չի եկել։ 

Մոտ չորս ամիս 22-ամյա Բոբի Քիստինան կոմայի մեջ է։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ   Emory University Hospital կլինիկայում։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել այսօր, նրան այնուամենայնիվ կտեղափոխեն Ուիթնի Հյուսթոնի տուն, որը գտնվում է Ջորջիայում։  Բոբի Քրիստինայի հարազատները հուսալքվել են և արդեն հույս չունեն, որ նա գիտակցության կգա։ Բարեկամներն ուզում են, որ աղջիկը տանը մահանա, հանգիստ միջավայրում։

«Դա նրա և նրա մոր տունն է։ Նա հանգիստ մթնոլորտում կլինի,  մոր նկարներով շրջապատված։ Սա ամենալավ բանն է, ինչ կարելի է անել տվյալ իրավիճակում», – Radar Online ամերիկյան պորտալին է պատմել աղբյուրը։

Աղջկան հիվանդանոցից վերցնելուն դեմ է արտահայտվում հայրը` երգիչ Բոբի Բրաունը։ Ընտանիքը վաղուց վիճում է այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք լուծել Բոբի Քրիստինայի բուժման հետագա ընթացքին վերաբերող հարցը։ Բոբի Բրաունը վիճաբանության մեջ է աղջկա մորական կողմի հարազատների հետ։Բոբի Քրիստինայի մորաքույրը` Պետ Հյուսթոնը, և տատիկը` Սեսի Հյուսթոնը, կարծում են, որ ժամանակն է անջատել նրան կենսաապահովման սարքից, քանի որ աղջիկն արդեն բավականին ժամանակ է կյանքի ոչ մի նշան ցույց չի տալիս։  Իսկ հայրը հույս ունի, որ աղջիկն այնուամենայնիվ ուշքի կգա։ 

Ապրիլի 21-ին Բոբի Բրաունը Դալասում կայացած համերգի ժամանակ սենսացիոն հայտարարություն էր արել։ Նա հայտնել էր, որ աղջիկը գիտակցության է եկել։ Ելույթ ունենալով Verizon Theatre համերգային սրահում` Բոբի Բրաունը հենց բեմից հայտարարել էր զարմացած հանդիսատեսին.

— Բոբի Քրիստինան ուշքի է եկել։ Նա տեսնում է ինձ։

Ուրիշ ոչ մի նորություն աղջկա հայրը չէր հայտնել։ Ավելի ուշ պարզվել էր, որ Բոբի Քրիստինայի վիճակը չի լավացել։ Սակայն իր սկանդալային արարքներով հայտնի ռեփերի խոսքերին վստահել չի կարելի։

-Իհարկե, Բոբին ուզում է, որ Քրիստինան արթնանա և վերադառնա կյանք։ Դա այն ամենն է, ինչ նա ուզում է։ Բայց չի երևում, որ անգամ մի կաթիլ հույսի նշույլ կա, և Հյուսթոնի ընտանիքը ստիպված համակերպվել է այն մտքի հետ, որ կենսաապահովման սարքը պետք է անջատել , –   Inquistr հրատարակչությանն է պատմել ընտանիքին քաջածանոթ աղբյուրը։ 

Ճակատագրական հանգամանքներից ելնելով` Բոբի Քրիստինայի հետ կատարված ողբերգությունը տեղի է ունեցել նրա մոր մահվանից հետո ուղիղ երեք տարի անց։ Վարկածներից մեկի համաձայն` այդ ողբերգությանը մասնակից է եղել նրա ամուսինը` Նիկ Գորդոնը, որը նրան հայտնաբերել էր լոգարանում։ Ըստ այդ վարկածի` նա ծեծել էր կնոջը, այնուհետև շտապօգնություն կանչել։  Սակայն քննությունը պարզել էր, որ լոգարանի դեպքից մի քանի օր առաջ Բոբի Քրիստինան ավտովթարի էր ենթարկվել։ Հունվարի 27-ին նա վարել էր իր «Լիբերտի Ջիպը», չէր կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակած գոտի և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։ Բոբի Քրիստինան լուրջ վնասվածքներ չէր ստացել, սակայն բժիշկները չեն բացառում, որ ավտովթարից հետո աղջիկը  խնդիրներ է ունեցել ուղեղի արյան շրջանառության հետ, որոնք կարող էին ուղեղի կաթվածի հանգեցնել։ -0-