Աստղային կյանք

Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը, գրեթե 6 ամիս կոմայի մեջ մնալուց հետո կիրակի վախճանվել է, հաղորդում է Lenta.ru–ն։

«Նա վերջապես իր հանգիստը գտավ Աստծու մոտ։ Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին վերջին մի քանի ամիսներին սիրո դրսևորման և աջակցության համար»,– նշել են հանգուցյալի հարազատները։

22–ամյա Բրաունը վերջին ամիսներին կոմայի մեջ էր։ Քրիստինայի քաղաքացիական ամուսինը` Նիկ Գորդոնը, հունվարի 31–ին նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էր Ռոզուելում (Ջորջիա նահանգ) գտնվող իրենց տան լոգասենյակում։

Ընտանիքը հայտնել էր, որ Քրիստինայի մոտ գլխուղեղի վնասվածք է ախտորոշվել։ Սկզբում Բոբի Քրիստինային փորձում էին բուժել տարբեր հիվանդանոցներում, այնուհետև առողջական վիճակի վատացման պատճառով նրան տեղափոխել էին հոսպիս։

Ոստիկանությունն ու հասարակությունը փորձում են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ուիթնի Հյուսթոնի աղջկա հետ։

Բոբի Քրիստինայի խնամակալը, որին նշանակել է դատարանը, Գորդոնի դեմ 10 միլիոն դոլարի հայց է ներկայացրել։ Փաստաթղթում նշվում է, որ այն օրը, երբ աղջիկը վնասվածք է ստացել (ինչն էլ կոմայի պատճառ է դարձել) նա վիճել է Գորդոնի հետ։

Հայցորդի կարծիքով` Բրաունը «կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է ստացել» Գորդոնի պատճառով։ Խնամակալի վարկածով` Գորդոնը սկսել է ծեծել Բոբի Քրիստինային, որպեսզի կարողանա ստանալ այն շոշափելի գումարները, որոնք Քրիստինան ժառանգել էր մորից։ Հայցում ընդգծվում է նաև, որ այն ժամանակ, երբ Բրաունը կոմայի մեջ է եղել, Գորդոնը նրա բանկային հաշվից ավելի քան 11 հազար դոլար է գողացել։

Ոստիկանությունը պատահածի հիմնական վարկած է դիտարկում դժբախտ պատահարը, ինքնասպանության փորձը և մահափորձը։ 2015թ.–ի փետրվարին Գորդոնին արգելել են այցելել հիվանդանոցում գտնվող Բոբի Քրիստինային։

Գորդոնը եղել է Ուիթնի Հյուսթոնի հոգեզավակը, այնուհետև սկսել է հանդիպել երգչուհու աղջկա հետ։ 2012թ.–ին Հյուսթոնի մահից հետո զույգը ներկայանում էր որպես ամուսնական զույգ, թեև Բոբի Քրիստինան ու Գորդոնը պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ -0-