Աստղային կյանք

Հնդիկ դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Բիջայա Ջենան (Bijaya Jena) այցելել է Երևան այս օրերին անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային 12–րդ կինոփառատոնի շրջանակում։ Նա պատմել է իր տպավորությունների մասին, որ իր վրա թողել են մրցութային ծրագրի ֆիլմերը, ինչպես նաև իր «Աբհաաս» (Abhaas) կինոժապավենի մասին։  

«Յուրաքանչյուր ֆիլմում ամենակարևորը սյուժեն է, գործողությունը և կերպարների հոգեբանական դիմանկարը։ «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերին պակասում է պատմողականություն, պատմության վերաշարադրման վարպետություն», – չորեքշաբթի ստեղծագործական երեկոյին ասել է Ջենան։

Նրա կարծիքով` ֆիլմի աշխատանքներում զգալիորեն օգնում է գրականության լավ իմացությունը։ Նա կարծում է, որ յուրահատուկ վարպետություն է 2-3 էջանոց պատմությունը դարձնել ավելի քան մեկ ժամ տևողությամբ ֆիլմ։

Ռեժիսորը նաև հակիրճ պատմել է իր «Աբհաաս» ֆիլմի մասին, որը մասնակցել է մի քանի փառատոների։

Սյուժեն հիմնված է առեղծվածային սպանության վրա, ընդ որում՝ մինչև գործողության վերջը պարզ չի դառնում` պատժվա՞ծ է, արդյոք, իրական մեղավորը։

«Իմ «Աբհաաս» ֆիլմի հիմնական գաղափարն էր մեղքի քավության անհրաժեշտությունը, թող և ուրիշի, որպեսզի բնության մեջ պահպանվի հավասարակշռությունը», – ասել է Ջենան։

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-