Աստղային կյանք

Քսանութամյա դերասանուհի և դիզայներ Էշլի Օլսենը տառապում է Լայմի հիվանդությամբ։ Հիշեցնենք, որ նա ճանաչում է ստացել «Երկուսը` ես ու իմ ստվերը» հայտնի կատակերգության մեջ հանդես եկած դերով։ Այսօր դերասանուհին հիվանդ է հազվագյուտ վարակիչ հիվանդությամբ, որը կոչվում է նեյրոբորելիոզ կամ Լայմի հիվանդություն,  գրում է Vesti.ru–ն։

Այն մասին, որ Էշլի Օլսենը հիվանդ է, լրագրողներին է հայտնել դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը։

«2012 թվականին նա սկսեց հազվադեպ հայտնվել հանրության մեջ՝ բացատրելով, թե հոգնել է ուշադրությունից: Սակայն, ըստ էության, Էշլիի անհետացման պատճառը նրա հիվանդությունն էր, որն արդեն լուրջ փուլում է գտնվում: Նրա և ընտանիքի համար այժմ ծանր շրջան է»,- ասել է աղբյուրը:

Օլսենի ընկերն ավելացրել է, որ հիվանդությունն անդրադարձել է նրա աշխատունակության և մարդկանց հետ շփվելու վրա։ Դերասանուհին ու նրա հարազատներն այս կապակցությամբ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չեն ներկայացրել։

Լայմի հիվանդության հարուցիչը բակտերիաներն են, որոնք փոխանցում է տիզը։ Հիվանդության վաղ դրսևորումը կարող է արտահայտվել ջերմությամբ, գլխացավով, հոգնածությամբ, մաշկային ցանով։ Հիվանդությունը հիմնականում հնարավոր է բուժել հակամանրէների միջոցով, հատկապես եթե ախտորոշումն ու բուժումն իրականացվում է հիվանդության զարգացման վաղ փուլում։ Սխալ բուժումը կարող է հաշմանդամության և նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ -0-