Աստղային կյանք

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում «Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվել է փառատոնի պատվավոր հյուր, գերմանա-ամերիկացի դերասանուհի Նաստասյա Կինսկու մամուլի ասուլիսը։ 

Կինսկին հայտնել է, որ իրեն շատ է դուր գալիս Հայաստանը, անցյալ գիշեր նա նույնիսկ զբոսնել է գիշերային Երևանում։ Ականատեսներից մեկի հարցին, թե ինչու էր նա բոլորովին մենակ, դերասանուհին պատասխանեց, որ «փախել է հյուրանոցից», և որ սովորություն ունի մենակ շրջել և ուսումնասիրել նոր քաղաքը, որում գտնվում է։ 

Կինսկին հայկական մայրաքաղաքը շատ հյուընկալ է անվանել, իսկ հայերին` հաճելի և բաց։ Նա խոստովանեց, որ հասցրել է լսել մի քանի հայկական երգ և «պարզապես հիացած է»։ 

Կինոփառատոնը ևս նրան շատ է դուր եկել, իսկ ծիրանը նա անվանել է «հետաքրքիր և գեղեցիկ խորհրդանիշ»։ Նաստասյան պատմել է, որ Հայաստան ժամանելուց հետո երևանցի կինեմատոգրաֆիստ ընկերներն իրեն մի զամբյուղ ծիրան են նվիրել։
Նա նշել է նաև փառատոնի արժանիքները, մասնավորապես, դրա աշխարհագրությունը` ընդգծելով, որ դրան մասնակցում են ֆիլմեր աշխարհի բոլոր ծայրերից։ 

Կինեմատոգրաֆի աստղը պատմել է նաև իր ծրագրերի մասին։ Նա ասել է, որ անցել է մեծ մարզիկների մասին վավերագրական ֆիլմաշարի ստեղծմանը` նշելով, որ նրանք սեփական օրինակով սովորեցնում են անդադար աշխատել` դժվարությունները հաղթահարելու հարցում համառության և երազանքին հասնելու համար։

Այդ համատեքստում Կինսկին հիշատակել է նաև սեփական վերելքների և անկումների մասին` ընդգծելով, որ ձախողումներն ու պարտությունները նույնպես կյանքի մի մաս են, և դրանք պետք է կարողանալ հաղթահարել։

Որպես սկսնակ վավերագրող` Կինսկին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին հիանալի վավերագրող ռեժիսոր անվանեց։ Ինքը` Խաչատրյանը, միանգամից արձագանքեց գովասանքին` Կինսկիին համագործակցության առաջարկ արեց, որը նա ուրախությամբ ընդունեց։ 

Դերասանուհին չի բացառել նաև իր դեբյուտը` որպես խաղարկային կինոռեժիսոր։

Լրագրողներից մեկի` նրա անվան մասին հարցին Նաստասյան հաստատեց, որ իրեն անվանել են Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի հերոսուհի Նաստասյա Ֆիլիպովնայի պատվին` նշելով, որ Դոստոևսկին իր սիրած գրողն է։ 

«Բոլորին սեր և խաղաղություն` դա ամենակարևորն է», այսպես Նաստասյա Կինսկին ավարտեց իր մամուլի ասուլիսը։ 

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ 

Մամուլի ասուլիսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-