Աստղային կյանք

Նյու Յորքում ոստիկանությունը Իդենա Հայնսի` Մորգան Ֆրիմանի հոգեզավակի սպանության մեղադրանքով ձերբակալել է նրա զուգընկերոջը, հաղորդում է Lenta.ru–ն։

Հրատարակության տվյալներով` 30–ամյա Լամար Դավենպորտը` ռեփ կատարող և սկսնակ դերասան, թմրանյութեր է ընդունել և մի քանի անգամ հայտնվել ոստիկանության տեսադաշտում։ Մասնավորապես, նրան բազմիցս ձերբակալել են մարիխուանա պահելու և մանր գողությունների համար։ Ենթադրվում է, որ հանցագործության կատարման պահին տղամարդը գտնվել է կոկաինի ազդեցության տակ։ Կասկածյալին տեղափոխել են բժշկական կենտրոն` հոգեբուժական փորձաքննություն անցկացնելու համար, դրանից հետո նրան կհարցաքննի ոստիկանությունը։

Իդենա Հայնսի վրա հարձակումը տեղի է ունեցել կիրակի` օգոստոսի 16–ին, Նյու Յորքում ժամը 03։00–ին։ Ականատեսի խոսքով` տղամարդը հարձակվել է 33–ամյա Հայնսի վրա` գոռալով «Չքվե՛ք, չարքեր։ Հիսուս Քրիստոսի անունով վտարում եմ ձեզ»։ Դրանից հետո նա դանակով 16 անգամ հարվածել է նրան։ Կինը տեղափոխվել է Հարլեմի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից։

«Աշխարհը երբեք չի իմանա նրա արտիստիզմի և տաղանդի մասին, այն մասին, թե ինչքան շատ բան նա կարող էր առաջարկել։ Թող հողը թեթև լինի նրա վրա»,– ասվում է Ֆրիմանի հայտարարությունում։

Հայնսը Մորգան Ֆրիմանի առաջին կնոջ` Ջանեթ Բրեդշոուի թոռնուհին էր, ում հետ նա ամուսնացած է եղել 1967-1979թթ.։ -0-