Աստղային կյանք

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը և նրա կինը` Շառլենը, զույգ երեխաների ծնողներ են դարձել, չորեքշաբթի նշվում է Իշխանական պալատի հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հրատարակության տվյալներով` նորածիններին անվանակոչել են Գաբրիելլա (Gabriella) և Ժակ (Jacques)։
Գաբրիելլայի ամբողջական անունն է Գաբրիելլա Թերեզա Մարիա, նա ծնվել է տեղական ժամանակով ժամը 17։04–ին (Երևանի ժամանակով ժամը 20։04–ին), իսկ նրա եղբայրը` Ժակ Օնորե Ռենիեն, երկու րոպե ուշ։ Թեև տղան քրոջից փոքր է, այնուհանդերձ նա հայրիկից հետո գահին հավակնելու առաջնահերթ իրավունք ունի։ Իշխանական տան հայտարարության համաձայն` մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում։

Երեխաների ծննդյան մասին Մոնակոյի բնակիչներն իմացել են թնդանոթների 42 համազարկից, որոնք հնչել են չորեքշաբթի երեկոյան իշխանության մայրաքաղաքում։ Ավելի վաղ Ալբերն ու Շառլենը հայտարարել էին, որ պատրաստվում են հրաժարվել որդու ծննդյան պատվին թնդանոթների 101 ավանդական համազարկից և 21 համազարկից` դստեր լույս աշխարհ գալու պատվին։

Համազարկերից հետո քաղաքում հնչել են զանգերի ղողանջներ, որոնք տևել են մոտ 15 րոպե։ Գաբրիելլայի և Ժակի կյանքում առաջին «համերգն» ավարտվել է Մոնակոյի ջրատարածքում գտնվող նավերի շչոցով։
Մոնակոյի առաջին տիկնոջ հղիության մասին լուրը ԶԼՄ–ներում հայտնվել էր գարնանը։ Այդ ժամանակ իշխանական տունը հայտարարել էր, որ թագաժառանգը կծնվի տարեվերջին։

Զույգերը Շառլենի առաջին երեխաներն են, սակայն նրա ամուսինն արդեն երկու անգամ հայր է դարձել։ Արտամուսնական կապերից ծնված տղան և աղջիկը չեն կարող իշխանական գահի հավակնորդ լինել։

Մինչ երեխաների լույս աշխարհ գալը իշխանական գահին հավակնության հերթականությունն այսպիսին էր` առաջին տեղում էր իշխանի քույրը` Կարոլինան, երկրորդ տեղում էր Ալբերի զարմիկ Անդրեա Կազիրագին, նրան հաջորդում էր Անդրեայի որդի Սաշան։ Այժմ իշխանական գահին հավակնության հերթականությունն էական փոփոխության է ենթարկվել։ –0–