Աստղային կյանք

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը` Պրիսցիլա Չանը, երեխայի են սպասում, այդ մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ինքը՝ Ցուկերբերգը:

«Ես ու Պրիսցիլան հետաքրքրիր լուր ունենք` մենք աղջիկ ենք ունենալու: Դա մեր կյանքի նոր փուլն է լինելու: Մենք անչափ բախտավոր ենք, որ մարդկային կյանքին դիպչելու հնարավորություն ենք ստացել»,- գրել է Ցուկերբերգը:
Սոցցանցի հիմնադիրը նաև խոստովանել է, որ իրենք մի քանի տարի անընդմեջ փորձել են երեխա ունենալ, սակայն կնոջ հղիությունները երեք անգամ ավարտվել են վիժումներով:

«Դուք զգում եք, որ լի եք հույսերով, երբ իմանում եք, որ երեխա եք ունենալու: Սկսում եք պատկերացնել, թե ինչ մասնագետ է դառնալու, երազում եք նրա ապագայի մասին, ծրագրեր եք կառուցում, և մի ակնթարթում ամեն ինչ ավարտվում է: Դա միայնության փորձառություն է: Մարդիկ հիմնականում չեն քննարկում վիժումները, որովհետև կարծում են, թե այդ խնդիրները օտար կդարձնեն հարազատներին կամ ինչ-որ այլ կերպ կազդեն իրենց վրա: Կամ մտածում եք, թե դուք ինքներդ և ձեր գործողություններն են դրա պատճառը: Եվ այդպես դուք տառապում եք միայնության մեջ»,- գրել է Ցուկերբերգը:

Նա նշել է նաև, որ այժմ Պրիսցիլայի հղիության ժամկետն այնքան է, որ վիժման մասին մտածելու կարիք չկա: Ցուկերբերգը գրել է, որ ինքը ու կինը մեծ անհամբերությամբ են սպասում իրենց դստեր լույս աշխարհ գալուն: -0-