Ռուս հայտնի դերասան, ռեժիսոր, Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը Երևան է եկել «Սեփական ձայնով» մոնոներկայացում-համերգով։ Խորհրդանշական է, որ մոնոներկայացումը տեղի կունենա ապրիլի 7–ին` Մայրության և գեղեցկության օրը։ 

«Սեփական ձայնով»

«Սեփական ձայնով» մոնոներկայացումը ներառված է «Սատիրիկոն» թատրոնի բեմադրությունների ցանկում։ Այն կարելի է անվանել Կոնստանտին Ռայկինի ողջ կյանքի ներկայացումը։ «Ես այն խաղում եմ երևի արդեն մոտ 40 տարի, թեև այն ինձ հետ ձևափոխվում է։ Ես այս ներկայացումով շրջել եմ ողջ աշխարհում», – ասել է Ռայկինը։ 

Դերասանը նշում է, որ այս ներկայացումը կարող է խաղալ տասներկու ժամ շարունակ։ Այնտեղ շատ բանաստեղծություններ կան, կան և՛ ուրախ, և՛ տխուր պահեր։ 

«Սեփական ձայնով» մոնոներկայացման մեջ հայտնի դերասանը հիշում է իր ստեղծագործական ուղու սկիզբը, մասնագիտություն ընտրելու պահին ծագած կասկածներն ու դերասանի ճակատագրի անկրկնելիության գիտակցումը։ Նա շատ է պատմում հոր մասին, հիշում է հանդիսատեսի այն աներևակայելի սերը Արկադի Ռայկինի նկատմամբ, որը դերասանին շրջապատում էր միշտ, ամենուր, որտեղ նա ելույթ էր ունենում։ Ներկայացման մեջ հնչում են Դավիթ Սամոյլովի, Նիկոլայ Զաբոլոցկու, Նիկոլայ Ռուբցովի, Օսիպ Մանդելշտամի, Լոպե դե Վեգայի, Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները։  

«Սատիրիկոնը» դասական թատրոն է

Ռայկինը լրագրողներին պատմեց իր գլխավորած թատրոնի մասին։ ««Սատիրիկոնը» թատրոն է, որը հիմնականում զբաղվում  է դասական ստեղծագործություններով` ժամանակակից մեկնաբանությամբ։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ դասականը։ Չէ՞ որ թատրոնը թանգարան չէ։ Ու՞մ է հետաքրքրում հին կյանքի մասին պատմող ներկայացումը։ Դասականը գեղեցիկ է և արժեքավոր, քանի որ այն ցանկացած ժամանակ անդրադառնում է նույն խնդիրներին», – ասաց Ռայկինը։ 

Նրա խոսքով` փոխվում է հումորը, կյանքի ռիթմը, խոսքը, հագուստը։ Արագ է փոխվում նաև թատրոնի երկացանկը։ 

Թատրոնը երբեք չի կորցնի իր հանդիսատեսին

Ռայկինը նաև խոստովանում է, որ թատրոնը զանգվածային արվեստ չէ։ Ռայկինը կարծում է, որ թատերասերները բացարձակ փոքրամասնություն են կազմում, լավագույն դեպքում` քաղաքների բնակչության մոտ 10 տոկոսը։ «Ցանկացած քաղաքի բնակչության 90 տոկոսը երբեք թատրոն չի այցելում», – ասաց Ռայկինը։ 
Նա կարծում է, որ խելացի և նրբանկատ մարդիկ ավելի քիչ են, քան հիմարներն ու պնդաճակատները։ «Շատ եմ սիրում թատերասեր հանդիսատեսին։ Նա միշտ կլինի, քանի որ թատրոնը արվեստի հիմնական տեսակն է», – ասաց Ռայկինը։ 

Թատերական բեմահարթակները երջանկության երաշխիք են

Ինչ վերաբերում է նրան, որ կինոն, ի տարբերություն թատրոնի, պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն է տալիս, Ռայկինն անկեղծորեն խոստովանեց, որ ինքն այդ ամենի հանդեպ անտարբեր է։ 
«Ինձ չի հետաքրքրում պատմության մեջ մնալը։ Թքած ունեմ։ Թատրոնը ներկա ժամանակի մեծ արվեստ է։ Հանդիսատեսին հետաքրքիր է, թե ինչպես ես այսօր խաղում։ Նա թքած ունի, թե ինչպես ես խաղացել երեկ և ինչպես կխաղաս վաղը։ Ոչ ոք այնքան մեծ հաջողություն չի ունենում, որքան թատրոնի դերասանը։ Ոչ ոք չի ունենում այնքան ցնցող հաջողություն, որքան իրենց դերերը հրաշալի խաղացած դերասանները։ Սակայն ոչ մեկի այդքան արագ չեն մոռանում։ Կարճատևության դիմաց վճարում ես ցնցող հաջողությամբ», – կարծում է դերասանն ու ռեժիսորը։ 

Դասախոս Ռայկինը բարի դիկտատոր է

Բացի այն, որ Ռայկինը դերասան է, ռեժիսոր և թատրոնի գեղարվեստական ղեկավար, նա նաև զբաղվում է դասախոսական գործունեությամբ։ 

«Քանի ողջ եմ, սովորեցնելու եմ ուսանողներին, պոկելու եմ նրանց գլուխներն անտարբերության համար։ Ոչինչ չես անի առանց դիկտատուրայի և վախի, որը դու առաջացնում ես ենթակաների մոտ։ Միայն սիրո վրա ոչինչ չի կառուցվում։ Չնայած վախը չպետք է գերակշռի։ Ես իմ կուրս եմ վերցնում միայն տաղանդավոր մարդկանց։ Այդ պատճառով ստացվում է, որ ինձ մոտ սովորում են սևամորթներ, կովկասցիներ, թաթարներ, հրեաներ, ռուսներ։ Ինձ մոտ միշտ տարօրինակ խառնուրդ է ստացվում», – ասաց Ռայկինը։ 

Նա խոստովանեց, որ մի հայ ուսանող է ունեցել, որին հեռացրել է վատ վարքագծի համար։ 

Ջերմ հարաբերություններ Կովկասի հետ

«Կովկասի հետ ես  բավականին սերտ, անգամ ջերմ հարաբերություններ ունեմ», – խոստովանեց Ռայկինը։ 
Ռայկինի սիրելի կովկասցիներից մեկը Ռոբերտ Ստուրուան է` մեր ժամանակների հիանալի ռեժիսորներից մեկը, ում մոտ նա խաղացել է «Համլետ» ներկայացման մեջ։ Ռայկինը նաև հետաքրքիր պատմություն պատմեց այն մասին, որ լավ, պահանջված ռեժիսորներին պետք է խնամել, ինչպես գեղեցիկ կնոջը։ 

«Իմանալով, որ Ռոբերտը չի տեղավորվում ժամկետների մեջ, ես կես ժամով մեկնեցի Բուենոս Այրես, գնացի այն դահլիճը, որտեղ նա փորձ էր անում և ասացի`Ռոբերտ, դու ինձ մոտ մարտի 9–ին հաստա՞տ կսկսես։ Նա շփոթվեց։ Իսկ ես ասացի` ես եկել եմ հաստատելու, որ դու մարտի 9–ին կսկսես փորձերը։ Այսպիսի խոսակցությունից հետո նորմալ չափահաս տղամարդն արդեն չի կարող չկատարել խոստումը», – ասաց Ռայկինը։ 

Նա խոստովանեց, որ կյանքի ընթացքում հանդիպել է բազմաթիվ տաղանդավոր մարդկանց, ովքեր Կովկասից են եղել։ «Նախկինում ես ամուսնացած եմ եղել Գուլյա Սալախովայի հետ։ Նա կիսով չափ հայ էր, կիսով չափ` ադրբեջանցի», – ասաց Ռայկինը։

Մամուլի ասուլիսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-