Աստղային կյանք

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում ընդունված է տոները նշել մեծ շուքով, հատկապես եթե խոսքը ամուսինների սիրելի և դեռևս միակ դստեր` Նորթի մասին է։ Զարմանալի չէ, որ դստեր ծննդյան երկրորդ տարեդարձը վերածվեց իսկական հեքիաթի, հաղորդում է Woman.ru–ն։

Հանդիսությունը տեղի ունեցավ Կալիֆոռնիայում գտնվող Դիսնեյլենդում, որտեղ հավաքվել էին Քարդաշյանների ընտանիքի բոլոր անդամներն ու Քիմի և Քանյեի բազմաթիվ ընկերները։ Այս անգամ ամուսինները որոշեցին փոխել իրենց սովորություններն ու հրաժարվեցին Դիսնեյլենդը վարձակալելու գաղափարից` համարելով որ դա չափազանց թանկ է (սակայն մի քանի օր առաջ զույգը վարձել էր մի ողջ մարզադաշտ` Քանյեի ծննդյան օրը տոնելու համար), այդ պատճառով Դիսնեյլենդի մյուս այցելուները հնարավորություն ունեին հետևելու ընտանեկան տոնին։

Եվ, իսկապես, տեսնելու շատ բան կար. Քիմը, Քանյեն և Նորթը կարուսել էին նստում Քենդալ Ջենների և Քորթնի Քարդաշյանի ընկերակցությամբ, լուսանկարվում էին, ժպտում և իրենց պահում սովորական զբոսաշրջիկների պես։ Հյուրերին անգամ միացել էր Քիմի կրտսեր քույրը` Քայլի Ջենները, ով եկել էր նոր ընկերոջ` ռեփեր Tyga–ի և նրա փոքրիկ որդու հետ։ 

Քանի որ տոնի ընթացքում նախատեսված էր ակտիվ ծրագիր, երկրորդ երեխային սպասող Քիմն այս անգամ հրաժարվել էր նեղ զգեստներից և ընտրել ավելի հարմար սև ջինսե տաբատ և սև շապիկ։ Քիմը գլխին Միկի Մաուսի ականջներ էր դրել, նման «ականջներ» ուներ նաև Նորթը։ 

Քիմը գրեթե չէր բաժանվում Նորթից, իսկ նա կարուսել էր նստում մոր հետ միասին, և դա նրան ընդհանրապես չէր մտահոգում։ Հագեցած ժամանցային ծրագրից հետո բոլոր հյուրերին սպասում էր տոնական ընթրիքը, որտեղ հոբելյարին արդեն սպասում էր տոնական տորթը։ -0-