Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի երկու տարեկան դստերը նախօրեին մկրտել են Երուսաղեմում։ Արարողությունն անցկացվել է հայկական առաքելական եկեղեցում, գրում է Dni.ru–ն։

Երուսաղեմի Սուրբ Հակոբ տաճարի մուտքի մոտ հազարավոր երկրպագուներ էին հավաքվել, և քիչ էր մնացել` նրանք տապալեին արարողությունը։ Աստղային զույգը դստեր և Քիմի քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ դժվարությամբ մտան եկեղեցի։ Քիմը անգամ ստիպված եղավ մի քանի անգամ բղավել խելահեղ երկրպագուների վրա, որպեսզի նրանք մի կողմ գնան և չվնասեն երեխային։ 

Մկրտության արարողությանը ներկա չէին ո՛չ Քիմի երկրպագուները, ո՛չ էլ լրագրողները։ Մկրտության մասին խոսել է Արիս Արքեպիսկոպոս Շիրվանյանը։ «Քիմ Քարդաշյանի դուստրը պաշտոնապես դարձել է Հայ առաքելական եկեղեցու անդամ», – նկատելի հուզմունքով ասել է Շիրվանյանը։

Հոգևորականը նշել է, որ ծանոթ չէ ո՛չ Քիմի, ո՛չ նրա ընտանիքի անդամների հետ։ «Նա հայտնի անձնավորություն է։ Այսքանը գիտեմ։ Մենք անձամբ ծանոթ չենք», – ասել է արքեպիսկոպոսը։ 

Քարդաշյան–Ուեսթ ընտանիքն Իսրայել է մեկնել ապրիլի 13–ին։ Մինչ այդ նրանք գտնվում էին Հայաստանում, որտեղ նրանք հինգ օր էին անցկացրել։ Հայաստան այցելելու համար առիթ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, որը նշվում է այս տարի։ 

Քարդաշյանները նկարահանել են «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ 

Հայաստանից մեկնելու օրվա նախորդ գիշերը Քարդաշյանի ամուսինը` «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթը, չնախատեսված ելույթ է ունեցել Երևանի Կարապի լճին հարող տարածքում։ Կեսգիշերն անց ավարտված այդ խելահեղ համերգը դեռ երկար կմնա երևանցիների հիշողության մեջ։–0–