Քարդաշյան քույրերը, որոնք Երևան են ժամանել նախօրեին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել են սովորել մայրենի լեզուն և շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։

Ամերիկացի ռեալիթի-շոուի աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի ժամանել է Երևան։ Քարդաշյանը Հայաստան է ժամանել իր ամուսնու` հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթի, իրենց փոքր դուստր Նորթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ։ Ժամանման առիթը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է։

Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով:

Հյուրերը տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու և նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով:

Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ։

Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Վարչապետը կարևորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես և աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները և պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել: -0-