Աստղային կյանք

Քանյե Ուեսթը Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտի Արվեստի դպրոցի պատվավոր դոկտորի կոչում է ստացել, հաղորդում է Nydailynews.com-ը:

Ռեփերը խոսել է իր հաջողությունների մասին և նշել, որ իր նախագծերից շատերը կարող էին շատ հեշտությամբ իրագործվել, եթե դոկտորի աստիճան ունենար։

«Երբ ես դասախոսություն էի կարդում Օքսֆորդում, ավելի հեշտ կլիներ դա անել, եթե ես Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի գիտական աստիճանն արդեն ունենայի»,– ասել է նա։
 
Սա արտիստի առաջին պատվավոր աստիճանն է, սակայն` ոչ առաջին ուսումնական հաստատությունը, որտեղ սովորել է նա։ Ուեսթը սովորել է նաև Ամերիկայի արվեստի ակադեմիայում և Չիկագոյի պետական համալսարանում, սակայն 20 տարեկանում թողել է ուսումը և զբաղվել երաժշտական կարիերայով։

Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտի Արվեստի դպրոցի դեկան Լիզա Վայնրայթը պարզաբանել է, որ Ուեսթին պատվավոր կոչում շնորհելու որոշումն ընդունել են ռեփերի հոդվածը կարդալուց հետո։ Արտիստը հոդվածում նշել է, որ ցանկանում է սովորել այդ հաստատությունում։

«Ես կարդացի ու մտածեցի`պարզապես անհավանական է։ Արվեստի դպրոցի համար ավելի լավ գովազդ հնարավոր չէր երևակայել»,- ասել է Վայնրայթը։ -0-