Երկու ամիս չի անցել այն պահից, երբ Ջոննի Դեփն ու Էմբեր Հերդը միմյանց «այո»  ասացին խորանի մոտ, իսկ նրանց ամուսնությունն արդեն փլուզվում է։ Աստղային զույգի շրջապատի աղբյուրների խոսքով` ամուսինները գրեթե չեն խոսում միմյանց հետ, իսկ նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ Էմբերը սպառնացել է հեռանալ Դեփից։ Պատճառը Դեփի սերն է ալկոհոլի նկատմամբ։ Դեռևս հարսանիքից առաջ դերասանը խոստացել էր սիրած կնոջը «վերջ տալ դրան», բայց այդպես էլ չի կարողացել հաղթահարել կործանիչ մոլուցքը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ 

«Նրանք գրեթե չեն խոսում, Էմբերը մշտապես մտահոգվում է Ջոննիի համար։ Երբ նա գնում է մի տեղ, կարող է օրերով չզանգել և չգրել նրան»,– պատմում է աղբյուրն In Touch ամերիկյան պարբերականին։ 

Էմբերն այժմ Լոնդոնում է` դերասանուհին նկարահանվում է «Աղջիկը Դանիայից» («The Danish Girl») ֆիլմում։ Իսկ Ջոնին նկարահանվում է «Կարիբյան ծովահենների» հերթական մասում։

28–ամյա Էմբերը մշտապես զանգում է նկարահանման հրապարակ` փնտրելով իր հարբած ամուսնուն, ով աշխատանքային օրվանից հետո անընդհատ լիցքաթափվում է բարերում և խնջույքներում։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասաններ Ջոննի Դեփը և Էմբեր Հերդն ամուսնացել են փետրվարի 5–ին։ «Կարիբյան ծովահենների» աստղը և շիկահեր գեղեցկուհին նշանադրության մասին հայտարարել էին 2012 թվականի դեկտեմբերին։ Դեփի և Հերդի սիրավեպը սկսվել էր 2011 թվականին «Ռոմի օրագիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հանուն Հերդի Ջոննին թողել էր իր քաղաքացիական կնոջը` ֆրանսիացի երգչուհի Վանեսսա Պարադիին և իր երեխաներին։ -0-