Աստղային կյանք

Ջոննի Դեփ ու Էմբեր Հերդ հոլիվուդյան զույգը վերջապես կողմնորոշվել է հարսանիքի օրվա  հարցում։ Նրանք աստղային ընկերներին հրավիրատոմսեր են ուղարկել` դրանով իսկ հերքելով իրենց բաժանման մասին շրջանառվող խոսակցությունները։ Դերասանները կամուսնանան Ամանորի գիշերը, հաղորդում է Dni.ru–ն։

Օտարերկրացի լրագրողներն իմացել են, որ սիրահարները հարսանիքի հրավիրատոմսեր են ուղարկել 51–ամյա դերասանի բոլոր ընկերներին։ Աստղային հյուրերի թվում են Թիմ Բարթոնն ու Հելենա Բոնեմ Քարթերը, Սթիվեն Թայլերը, Մերիլին Մենսոնը և ուրիշներ։ Ինչպես հաղորդում է The Sun–ը, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ամանորի գիշերը Դեփի` Բահամյան կղզիներում գտնվող մասնավոր կղզում։ Դեփն ավելի վաղ ևս տնային երեկույթներ է կազմակերպել իր կղզում, սակայն այս տարի ամեն ինչ կլինի ավելի մասշտաբային և շքեղ։ Հենց մեծ ծախսերի և միջոցառման ծրագրավորման պատճառով է, որ լրագրողները սկսել են մտածել նախատեսված հարսանիքի մասին։ 

«Ջոննիի կազմակերպած տնային երեկույթները սովորաբար անցնում են հանգիստ մթնոլորտում, սակայն հիմա շքեղ հանդիսություն է նախատեսվում, այդ պատճառով էլ հյուրերը զարմացել են։ Նա իր կղզի է հրավիրել ընկերներին իրենց ընտանիքների հետ, այնտեղ ինչ–որ շքեղ բան է նախատեսվում», – լրագրողներին տեղեկացրել է փեսացուի և հարսնացուի մոտ ընկերներից մեկը։

Սկզբում Ջոննին փորձում էր խուսափել աղմուկից և ամեն ինչ սուսուփուս անել, սակայն պապարացիներից ոչինչ չես թաքցնի։ Դերասանը ևս հարցազրույցների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ ինքն ու Էմբերը երազում են ամուսնանալ իր կղզու լողափին, որը ռոմանտիկ Դեփը կոչել է իր սիրեցյալի անունով` Amber Beach։

Սիրահարները հարսանիքը ձգձգում էին մեկ տարի շարունակ, նրանց նշանադրության արարողությունը տեղի էր ունեցել 2014թ.–ի սկզբում։ Իսկ վերջերս ԶԼՄ–ներում և ամենուր տեղեկություն էր տարածվել, թե դերասանների երջանիկ ընտանեկան կյանքը վտանգի տակ է։ Տեղեկացվում էր, թե իբր Ջոննի Դեփի հարսնացուն բարկացել է Hollywood Film Awards մրցանակաբաշխության ժամանակ հարբած Դեփի արարքի պատճառով։ -0-