Աստղային կյանք

45-ամյա դերասանուհի և երգչուհի Ջեննիֆեր Լոպեսը հուշագրություն է գրել՝ «Իրական սեր» (True love) վերնագրով, գրում է Cosmo.ru-ն:

Գրքում, որը ԱՄՆ-ի գրախանութներում է հայտնվել նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, Ջեյ Լոն հիմնականում պատմում է տղամարդկանց և իր կյանքում նրանց դերի մասին:

Համացանցում արդեն հուշագրություններից հատվածներ են հայտնվել, որտեղ դերասանուհին առաջին անգամ մանրամասն նկարագրում է այն պահը, երբ որոշեց հեռանալ երրորդ ամուսնուց՝ Մարկ Էնթոնիից, ով իր երեխաների հայրն է: 

«Օտարին իմ կյանքը կատարյալ էր թվում: Ես ունեի ամուսին և երկու երեխա: Որպես ժյուրիի անդամ` մասնակցում էի American Idol նախագծում, իսկ «On the floor» նոր սինգլը զբաղեցնում էր համաշխարհային հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Ինձ շրջապատողները չգիտեին, որ այդ կյանքն այնքան էլ երջանիկ չէր, իմ ընտանեկան հարաբերությունները փլուզվում էին, իսկ ես միշտ խուճապի մեջ էի… Ոչ, ես երբեք աչքիս տակ կամ շրթունքիս կապտուկ չեմ ունեցել, սակայն ծանոթ էի ընտանեկան բռնության ուրիշ տեսակի հետ՝ հայհոյանք, էմոցիոնալ և հոգեբանական ճնշում: Շատ լավ գիտեմ, թե ինչ ես զգում, երբ սիրելի մարդը տանջում է քո հոգին…», — գրքում պատմում է Ջեննիֆերը:

Ջեյ Լոն մանրամասն նկարագրել է խուճապային գրոհներից մեկը, որից հետո նա իր մենեջերին և մորը ասաց. «Կարծում եմ` ես այլևս չեմ կարողանում ապրել Մարկի հետ»: Դա Լոպեսի և Էնթոնիի ամուսնության վերջի սկիզբն էր:

Ջեննիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին միասին ապրել են յոթ տարի՝ 2004 թ.-ից մինչև 2011 թ.-ը, իսկ պաշտոնապես բաժանվել են միայն 2014 թ.-ի ամռանը: -0-