Աստղային կյանք

Իննամյա համատեղ կյանքից հետո հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնացել են, հինգշաբթի հայտնում է Ասոշիեյթեդ Պրեսը` վկայաբերելով աստղային զույգի մամուլի քարտուղարին։

Ամուսնության ծիսակարգն անցկացվել է օգոստոսի 23-ին փոքրիկ մատուռում,  արարողությանը հրավիրված են եղել միայն ընտանիքի անդամներն ու ընկերները։ Ջոլին խորանին է մոտեցել երկու ավագ որդիների` Մեդոքսի և Պաքսի ուղեկցությամբ, դուստրեր Զահարան և Վիվիենը ծաղիկների թերթիկներ են շաղ տվել, իսկ որդին` Նոքսը, և դուստրը` Շայլոն, բռնել են մատանիները։ Ավելի վաղ զույգն ամուսնության վկայական էր ստացել Կալիֆոռնիայի դատարանում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դատավորը նաև գլխավորել է Ֆրանսիայում կայացած արարողությունը։ 

Դերասանների սիրավեպի մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2006 թվականի հունվարի 11–ին, երբ Անջելինա Ջոլին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ երեխայի է սպասում Բրեդ Փիթից։ 2012 թվականի ապրիլին Ջոլին և Փիթը հայտարարել են նշանադրության մասին յոթ տարիների համատեղ կյանքից հետո։ Այս պահին զույգը վեց երեխա է դաստիարակում, որոնցից երեքը որդեգրած են։ -0-