Աստղային կյանք

Դերասանուհի Քեյթ Հադսոնը բարկացրել և վիրավորել է հարազատ հորը։ Տղամարդուն հունից հանել են գրառումները, որոնք Հադսոնը և նրա եղբայր Օլիվերը թողել են սոցցանցերում Հայրերի օրը։ Օլիվերն Instagram–ում շնորհավորել է Հադսոն ավագին «հրաժարվելու օրվա» առթիվ։

Քեյթն ու Օլիվերը ծնվել են երաժիշտ Բիլ Հադսոնի և դերասանուհի Գոլդի Հոունի ընտանիքում։ Սակայն կենսաբանական հայրը լքել է ընտանիքը. ծնողներն ամուսնալուծվել են, երբ որդին չորս տարեկան էր, իսկ դուստրը` երկու։ Հոր փոխարեն նրանց դաստիարակել է Քուրթ Ռասելը, ով Հոունի հետ ապրում է 1983 թվականից, հաղորդում է Vesti.ru–ն։ 

Հայրերի օրը, որ նշվում էր մեկ շաբաթ առաջ, 36–ամյա Քեյթն Instagram–ում հրապարակել է Ռասելի հետ համատեղ լուսանկարը և շնորհավորել դերասանին տոնի առթիվ։ Նույնն արել է նաև նրա եղբայրը։ 

Մի քանի ամիս առաջ Օլիվերը նաև շնորհավորել էր Ռասելին ծննդյան տոնի առթիվ իր ֆոտոբլոգում` նրան անվանելով «Սանտա Մոնիկայի լավագույն հայր»։ Իսկ կենսաբանական հորը դերասանը հիշեցրել է, որ նա լքել էր իրեն և քրոջը մանուկ ժամանակ։

Բիլ Հադսոնն առանց ուշադրության չի թողել երեխաների այդ արտահայտությունները։ «Այժմ ուզում եմ նրանց ասել` «Ես ձեզ բաց եմ թողնում»։ Ես հինգ երեխա եմ ունեցել, բայց այժմ ինձ երեքի հայր եմ համարում։ Այլևս չեմ ճանաչում Օլիվերին և Քեյթին՝ որպես իմ երեխաներ»,– ասել է երաժիշտը Daily Mail–ին տված հարցազրույցում։ 

Ավելին, Հադսոնը մտադիր է պահանջել, որ երեխաները հրաժարվեն իր ազգանունից։ «Նրանք այլև իմ կյանքի մասը չեն։ Օլիվերի գրառումը չարամիտ, դաժան ու դիտավորյալ հարված է։ Նա ինձ համար մահացել է, ինչպես և Քեյթը։ Ես սգում եմ այդ կորուստը, չնայած նրանք մինչ օրս ապրում են այս աշխարհում»,– ասել է նա։ 

Հադսոնի կարծիքով` իր նախկին կինը հատուկ «ուռճացրել» է իր՝ ընտանիքից  հեռանալու պատմությունը։ Հատկապես այն բանից հետո, երբ սկսել է ապրել Ռասելի հետ։ «Երբ մենք բաժանվեցինք, նա ինձ ոչ մի վատ բառ չասաց։ Բայց երբ հայտնվեց Քուրթը, ամեն ինչ փոխվեց` ինձ չարագործ են դարձրել»,– կարծում է նա։ 

Երաժիշտի խոսքով՝ Հոունը ցանկանում էր Ռասելի հետ իր երջանիկ ընտանիքի մասին գեղեցիկ պատմություն ստեղծել, այդ պատճառով էլ տրամադրել է երեխաներին հոր դեմ։ -0-