Աստղային կյանք

Նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել «տասնամյակի հարսանիքը». լրագրողների թեթև ձեռքով այսպես են սկսել կոչել դերասան Ջորջ Քլունիի և փաստաբան Ամալ Ալամուդինի հարսանեկան արարողությունը: Սիրահարները հարսանեկան արարողությունը կազմակերպել էին Վենետիկում, և այն տևել է երեք օր:

Իհարկե, հասարակությանը դեռ չի հաջողվել տեսնել այն կնոջ հարսանեկան զգեստը, ում հաջողվել է ամուսնանալ Հոլիվուդի ամենահայտնի ամուրու հետ, հարսանիքի բացառիկ լուսանկարներն արդեն վաճառվել են Vogue ամերիկյան հրատարակությանը:

Սակայն նորապսակները չեն թաքցնում իրենց ամուսնական մատանիները: Պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել, որոնցում Ջորջն ու Ամալը պատկերված են մոտորանավակի վրա արդեն հարսանեկան արարողությունից հետո, իսկ նրանց մատներին փայլում են նոր զարդերը: Այս մասին գրում է Womanhit.ru-ն:

Քլունին ընտրել է սպիտակ ոսկուց պատրաստված հասարակ մատանի, սակայն զույգի երկրպագուներին, իհարկե, ավելի շատ հետաքրքրում էր Ալամուդինի ամուսնական մատանին: Դերասանի նորաթուխ կինը ևս համեստ զարդ է ընտրել, այժմ փաստաբանը կրում է փոքր ադամանդներով զարդարված բարակ մատանի: Մատանու գինը դեռ չի նշվում, սակայն ակնհայտ է, որ այն և ճաշակով է, և համեստ` ավելորդ ուշադրություն չգրավելու համար։

Ի դեպ, չարժե մտածել, թե Ջորջ Քլունին պարզապես ժլատություն է արել և չի գնել ավելի թանկարժեք ոսկերչական զարդ: Ալամուդինի նշանադրության մատանին, որը դերասանը նվիրել էր սիրելի կնոջն իր ձեռքն ու սիրտն առաջարկելիս,  անմիջապես աչքի էր ընկնում` ուղղանկյունաձև մեծ ադամանդի պատճառով, և փորձագետների գնահատմամբ` արժեր մոտ 750 հազար դոլար: Սակայն առօրյա կյանքում դերասանի կինը, ամենայն հավանականությամբ, նախընտրում է կրել համեստ զարդեր:-0-