Աստղային կյանք

Հնարավոր է, որ ամերիկացի երգչուհի Մադոննան նոր սիրեցյալ ունի։ Այս մասին հաղորդել է Sunday Telegraph լոնդոնյան թերթը` հղում անելով Dagospia իտալական հրատարակությանը։ ԶԼՄ–ները ենթադրում են, որ Մադոննայի և գերմանացի օպերային երգիչ Յոնաս Քաուֆմանի հանդիպումները կրում են ոչ միայն գործարար, այլև անձնական բնույթ։ Այս մասին գրում է Cosmo.ru–ն։

Հրատարակությունը նշում է, որ Forbes–ի վարկանիշով ամենաբարձր վարձատրվող երգչուհին և գերմանացի տենորը հանդիպել են Լոնդոնում կայացած լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ, ինչից հետո 46–ամյա Քաուֆմանին, ով հիմա բնակվում է Մյունխենում, Մադոննան հրավիրել է մասնակցելու իր նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ Այդ ալբոմի թողարկումը նախատեսված է 2015 թ.–ին։

Ինչպես հիշեցնում է թերթը, տարեսկզբին հայտնի դարձավ, որ Մադոննան բաժանվել է 26–ամյա պարող Թիմոր Սթեֆենսոնից, իսկ երգչուհու նոր ընտրյալը ապրիլին բաժանվել է իր կնոջից` օպերային երգչուհի Մարգարեթ Յոսվիգից։

Լրագրողները դրական էին վերաբերվել աստղի անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լուրին։ «Մադոննային, ով 56 տարեկան է, կարելի է հասկանալ», – գրում է թերթը։ «Նա սեփական տարիքին մոտ մարդ է ընտրել»։

2013 թ.–ին Յոնաս Քաուֆմանը Բավարիայի պետական օպերայի մեներգիչ է դարձել։ -0-