Աստղային կյանք

Օ՜, այո՛։ Հայտնի ամերիկացի բլյուզ երգչուհի Բեթ Հարթը Երևանում է, որտեղ վաղը համերգ կտա։ Բլյուզ, ջազ, ռոք և ֆյուժն ոճերի երկրպագուները ցնծության մեջ են. վերջապես նրանք կտեսնեն ու կլսեն այս «խենթ», բառի ամենալավ իմաստով, երգչուհուն Երևանում։  

Բեթը գիշերը ժամանեց Երևան։ Նա օդանավակայանի ժամանման սրահ մտավ ոչ թե VIP-սրահից, այլ բոլոր ուղևորների հետ միասին, բավականին անկաշկանդ մոտեցավ իրեն դիմավորող կազմակերպիչներին, ողջունեց նրանց, ուղեբեռով դուրս եկավ օդանավակայանի շենքից և միանգամից ծխախոտ վառեց։ 

Բեթը չափազանց անմիջական է, բաց, անկաշկանդ։ Քանի դեռ նա ծխում էր, ինձ հաջողվեց զրուցել նրա հետ։ Անհավանական է, բայց դեռ մի քանի րոպե էլ չէր անցել, երբ Բեթը սկսեց պատմել, թե ինչ երգեր է պատրաստվում կատարել, հարցրեց ինձ, թե իր որ երգերն եմ սիրում և կոնկրետ որոնք կցանկանայի լսել համերգի ժամանակ։ Ամենահետաքրքիրն այն էր, որ լեգենդար Am I The One-ը Բեթի ամենասիրելի երգը չէ։ Անհավատալի էր, որ Բեթի` իմ սիրելի երգերը ես քննարկում էի հենց իր` Բեթ Հարթի հետ…

Բեթը շատ ոգևորված էր Երևան իր այցով և ափսոսեց, որ չի կարող ծոնաթանալ քաղաքին։ 

Երգչուհին Երևան է ժամանել երաժիշտների ուղեկցությամբ։ Բեթի հետ է նաև նրա ամուսինը` Սքոտ Գետսկովը, ով նրա համար միշտ հենարան է եղել, և որի հետ Բեթն իր կյանքի բավականին ծանր շրջանն է անցել։ Սքոթն օգնել է երգչուհուն հաղթահարել դժվարություններն ու թմրանյութերի հետ կապված խնդիրները,  վերագտնել իրեն։ 

Հյուրանոցի ճանապարհին շատ հետաքրքիր զրույց սկսվեց Բեթի ձայնային ռեժիսորի հետ, ով հետաքրքրվում էր Հայաստանի պատմությամբ և հարցուփորձ անում քաղաքի մասին։ 

Մենք հասանք հյուրանոց։ Բեթը դուրս եկավ մեքենայից, նստեց հյուրանոցի աստիճաններին և կրկին սկսեց ծխել։ Մենք հրաժեշտ տվեցինք… Հիմա ավելի մեծ ոգևորությամբ ենք սպասում հուլիսի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին։ 

Մինչ հանդիպում

Արփի Բեգլարյան, հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-