Աստղային կյանք

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը բաժանվել է կնոջից` Դինա Ռուիզից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իսթվուդի կինը` Դինա Ռուիզը, ապահարզան էր ներկայացրել նախորդ տարվա հոկտեմբերին ամուսինների «անլուծելի հակասությունների» պատճառով։ Ռուիզը հավակնում է ալիմենտների և պնդում, որ ամուսնալուծությունից հետո նրանց 18–ամյա դուստրը` Մորգանն ապրի իր հետ։ Ամուսինները միասին են ապրել 18 տարի։

Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունը, Կալիֆոռնիա նահանգի Մոնթերեյ շրջանի դատավորը հաստատել է զույգի ապահարզանը։ Միաժամանակ չի նշվում, թե ինչպես են Իսթվուդն ու Ռուիզը կիսելու ամուսնության ընթացքում ձեռք բերած ունեցվածքը։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ զույգը բաժանվել է, իսկ Ռուիզը ամուսնու հետ հարաբերությունների վատացման պատճառով բուժման կուրս է անցել վերականգնողական կենտրոնում` ազատվելու համար դեպրեսիայից և տագնապի զգացումից։ Սա 84–ամյա Իսթվուդի երկրորդ ամուսնությունն է, ընդ որում Ռուիզը դերասանից փոքր է 35 տարով։ 1996թ.–ին ծնվել է Ռուիզի և Իսթվուդի դուստրը, որը Իսթվուդի 7–րդ երեխան է։ -0-